Բաժիններ՝

Քննչական կոմիտեն՝ 20-ամյա կնոջ մահվան մասին. կնոջ 30-ամյա ամուսինը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 20-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Ձերբակալվել է երիտասարդ կնոջ 30-ամյա ամուսինը:

2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին Էրեբունի ԲԿ-ից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել:

Դեպքի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում երիտասարդ կնոջ ամուսինը՝ ծնված 1988 թվականին, բացատրություն է տվել դեպքի շուրջ:

2018թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:25-ին, Էրեբունի ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական այլ գործողություններ: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ երիտասարդ կնոջ ամուսնուն ձերբակալելու որոշում է կայացվել:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս