Շան լծասարքերը Դանիայում փոխադրամիջոցի պաշտոնական տեսակ են ճանաչել
Դանիայի տրանսպորտի նախարարությունը շան լծասարքերը փոխադրամիջոցի պաշտոնական տեսակ է ճանաչել եւ թույլատրել է դրանց դուրս գալն ավտոճանապարհներ:
Այդ մասին հայտնել է The Local հրատարակությունը: «Շան լծասարքերով ավտոճանապարհներին երթեւեկել կարելի կլինի 2019 թվականի հունվարի 1-ից: Անձնակազմերը պետք է պահպանեն ճանապարհային երթեւեկության կանոնները:
Որպես երթեւեկության միջոցներ կարող են օգտագործվել ոչ միայն սահնակները, այլեւ անվավոր սայլակառքերը»,- գրել է հրատարակությունը: Ինչպես նշվում է, նոր նախաձեռնությունը դրականորեն է ընդունվել Դանիայի Բնության պահպանության գործակալության կողմից, քանի որ կնպաստի բնապահպանական իրավիճակի բարելավմանը:
Ավելի վաղ շան լծասարքերով երթեւեկել թույլատրված էր սոսկ հատուկ հատկացված վայրերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: