Ինչով է վտանգավոր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը Հայաստանի համար
Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում հանգուցալուծում չստացավ գլխավոր հարցը, թե անդամ որ երկրի ներկայացուցիչը կզբաղեցնի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հարցի շուրջ որոշման ընդունումը հետաձգվել է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում երկրի ղեկավարները կընդունեն Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին: Մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ՝ որպես պաշտոնակատար»:
Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության՝ «ՀՀ-ին հաջորդում է Բելառուսը»: Ըստ նրա, ՀՀ քվոտային մնում է մեկ տարի, որի ընթացքում ՀՀ ներկայացուցիչը չի հասցնի դիտարկել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին. «ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներն ասացին, որ մեզ անհրաժեշտ է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից: Այս հարցը մենք կվճռենք դեկտեմբերի 6-ին»:
Ըստ ռուսական լավատեղյակ աղբյուրների, ՀՀ-ն, ինչպես և խոստանում էին իշխանությունները, պնդել է, որ ՀՀ ներկայացուցիչը պետք է զբաղեցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թ. հունվարը, սակայն Ղազախստանի նախագահն ընդդիմացել է՝ նշելով, որ, համաձայն ռոտացիոն հերթականության՝ Բելառուսի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի քարտուղարի պաշտոնը: Բելառուսի նախագահը համաձայնել է իր ղազախստանցի գործընկերոջ առաջարկին, իսկ ռուսական կողմն առաջարկել է, որ շարունակի պաշտոնավարել ներկայումս գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնող Վալերի Սեմերիկովը` դրանով իսկ փորձելով ՀՀ-ին և Ղազախստանին առաջարկել փոխընդունելի լուծում:
Ըստ ռուսական «Կոմերսանտի», այս գագաթաժոդովին քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրելու գաղափարը, որին դեմ է արտահայտվել Հայաստանը: Թերթը մեջբերում է, որ, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, ՀԱՊԿ ոչ անդամ երկիրը կարող է մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, եթե անդամ բոլոր երկրները կողմ են: Նշենք նաև, որ, ըստ հայկական մամուլի որոշ ներկայացուցիչների տեղեկությունների, հայկական կողմը պատրաստվել է գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը՝ կարծելով, որ այն գոհացուցիչ կլինի ռուսական կողմի համար:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ այդ թեկնածությունը և գուցե այլ թեկնածություն կարող էր գոհացուցիչ լինել Մոսկվայի և գործընկերների համար, եթե Խաչատուրովի հետկանչը նման սուր կերպով չընկալվեր Մոսկվայում՝ գնահատվելով՝ որպես գործընկերային հարաբերությունների խախտում:
«Սա է, թերևս, պատճառը, որ ՀՀ-ն կորցնում է պաշտոնը, թեև այն կարող էր շարունակվել: Սակայն, եթե ռոտացիոն սկզբունքով Հայաստանին փոխանցված պաշտոնում նշանակված անձը ետ է կանչվել, կարելի է դա ներկայացնել՝ որպես հաջորդ ռոտացիան իրականացնելու հարմար պահ: Սակայն բոլորս ենք հասկանում, որ խնդիրը քաղաքական է, քանի որ Հայաստանն իր քայլով վիրավորել է Մոսկվային և ՀԱՊԿ մյուս անդամ երկրներին:
Այն հանգամանքը, որ Աստանայում որոշում չի կայացվել, նշանակում է, որ կազմակերպությունը, այնուամենայնիվ, ցանկանում է կոնսենսուսային որոշում կայացնել և չի անտեսում ՀՀ-ի կարծիքը, ուստի հարցի քննարկումը հետաձգվել է մինչև դեկտեմբեր: Թեև չեմ կարծում, որ այս ընթացքում պետություններից որևէ մեկը ետ կանգնի իր դիրքորոշումից: Հայաստանը ևս պետք է հասկանա, որ, ինչպես իր դիրքորոշումն է տրամաբանական, այնպես էլ՝ Մոսկվայի: Չեմ ցանկանում խոսել Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշումների մասին, քանի որ ՀԱՊԿ-ի նշանակությունը Հայաստանի համար հիմնականում հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերություններն են»,- նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Սկակովը:
Նրա խոսքով, ռուսական առաջարկը խելամիտ է թվում, սակայն դրան չեն համաձայնի Ղազախստանն ու Բելառուսը, որոնց համար նման կազմակերպություններում և Ռուսաստանի հետ առաջացող ցանկացած հարց «քաղաքական սակարկումների» թեմա է:
Քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոյի կարծիքով՝ Հայաստանի ցանկության չիրականացումը հետևանքներ չի ունենա ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համար, սակայն կարող է ուշադրության արժանանալ երկրի ներսում, քանի որ ՀՀ իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ ՀԱՊԿ կանոնակարգը պետք է պահպանվի:
«Ներկայումս այս պաշտոնի զիջումը ցանկացած երկրի՝ Հայաստանի ներսում մեծ ուշադրության, գուցե բացասական գնահատականների արժանանա, քանի որ, փաստորեն, Հայաստանը ներքաղաքական զարգացումների պատճառով կորցրեց միջազգային կազմակերպությունում այդ կարևոր պաշտոնը, սակայն կա կարծիք, որ դրանից կարելի էր հմտորեն խուսափել:
Ներքին բացասական քննարկումներից և վարկանիշի կորստից խուսափելու նպատակով այս դիրքորոշումը պետք է պահպանվի: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին կամ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին, ապա մենք տեսնում ենք հայ-ռուսական ակտիվ ռազմաքաղաքական համագործակցություն` սպառազինությունների ձեռքբերում մատչելի պայմաններով, համագործակցություն երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև:
Կարծում եմ` սա անհրաժեշտ է նաև Հայաստանին: Ընդհանրապես ՀԱՊԿ-ին այս երկրներից յուրաքանչյուրը միացել է հանուն Ռուսաստանի հետ հարաբերությունների, հանուն ինչ-ինչ արտոնություններ ստանալու: Այսինքն` ՀԱՊԿ-ի դերակատարությունը և օգտակարությունը Հայաստանի համար պետք է դիտարկել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների կոնտեքստում: Իսկ այդ հարաբերությունները, կարծես, արդյունավետ են, խորը և ակտիվ նույնիսկ այն փուլում, երբ քաղաքական շփումներն այդքան էլ ակտիվ չեն, կամ խոսակցություններ կան խնդիրների մասին: Դա նշանակում է, որ այս ոլորտում համագործակցությունը կայուն է, պաշտպանված ինտրիգներից, ինչը կարևոր է՝ հաշվի առնելով, որ սա անվտանգությանն առնչվող հարց է»,- ասաց Մալաշենկոն:
Ուստի, նրա խոսքով, Հայաստանը չպետք է ցավոտ ընկալի այս պաշտոնի կորուստը:
«Չնայած այն ներկայումս կարող է ունենալ ներքաղաքական էֆեկտ, կարծում եմ` սա է մտահոգում ՀՀ իշխանություններին»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ սպասել դեկտեմբերի 6-ին, Մալաշենկոն պատասխանեց, որ չի բացառվում, որ որոշում չկայացվի նույնիսկ դեկտեմբերի 6-ին: «ՌԴ-ին ձեռնտու է այս իրավիճակը, քանի որ, ըստ էության, այդ պաշտոնը թափուր չէ, որոշում չի կայացվում, որից ՀՀ-ն կվիրավորվի, սակայն ՀՀ-ի ներկայացուցչի հարցում ևս համաձայնություն չի լինում, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ-ում լուրջ են վերաբերվում կազմակերպության հեղինակությանը: Հենց սա էլ, ըստ էության, առաջարկում է ՌԴ նախագահը:
Գուցե հաջորդ մի քանի հանդիպումների ընթացքում որոշում չկայացվի, այստեղ իր դերակատարությունն ունի նաև ՌԴ դիրքորոշումը, որը ներկայումս չեզոք է, չկա աջակցություն որևէ կողմին»,- ասաց Մալաշենկոն: