«Մենք թողնում ենք լավ ժառանգություն, բայց դա չի նշանակում, որ պատրաստվում ենք հեռանալ». Արմեն Աշոտյան

Հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում կայացել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը, որը կոմիտեի հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսին որակեց պատմական: ՀՀ-ԵՄ խորհրդարանական նման ձևաչափն ամրագրվում է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով` CEPA-ով:

Աշոտյանը պատմական է որակում նիստը, քանի որ, ըստ նրա՝ ԵՄ-ՀՀ նաև խորհրդարանական համագործակցության ձևաչափն առաջիկա 15 տարիների համար պայմանավորված է լինելու CEPA-ով: «Այդ նիստն ինչ-որ առումով նաև «ավարտական երեկո» էր թե ՀՀ-ի, համար, թե ԵԽ-ի, քանի որ առաջիկայում ընտրություններ են և ՀՀ-ում, և ԵԽ-ում. գործող կազմերով վերջին հանդիպումն էր սա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Արմեն Աշոտյանը ԵՄ-ի հետ հարաբերությունները կարևորում է ոչ միայն գործադիրի, այլ նաև խորհրդարանական մակարդակում: Կոմիտեն վերահսկողական-մոնիտորինգային գործառույթ է ունենալու:

Կոմիտեի նիստում ընդունված բանաձևում Արցախի հարցին վերաբերվող երեք կետերով ամրագրում կա: Արմեն Աշոտյանը «համապարփակ» է որակում դրանք: Փաստաթղթի 29-րդ կետով ափսոսանք է հայտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով շարունակվող մարդկային կորուստների համար։ Կոմիտեն նաև խորապես մտահոգված է հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված համաձայնության պարբերական խախտումների կապակցությամբ, որոնք շարունակաբար խլում են՝ ինչպես զինծառայողների, այնպես էլ՝ քաղաքացիական անձանց կյանքեր՝ խոչընդոտելով ողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Կոմիտեն նաև ընդունում է, որ ներկայիս ստատուս-քվոն ընդունելի է, և՛ ոչ կայուն, և՛ հակամարտության կայուն ռազմական լուծում չի կարող ունենալ։

34-րդ կետով էլ ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում` ճանաչել հայոց Ցեղասպանությունը:

Արմեն Աշոտյանը կարևորեց նաև CEPA-ի վավերացումն արագացնելու կոչը. «Համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց վավերացման արագությունը բավարար չեմ համարում: CEPA-ն պետք է ստանա լիարժեք իրավական ուժ, որպեսզի հաջողության պատմությունը հասցվի իր բնական ավարտին` ամրապնդելով ՀՀ-ի դիրքերը` անկախ օրվա իշխանությունից»։

Վիզաների ազատականացման հետ կապված աշխատանքներ ևս տարվել են։

Արմեն Աշոտյանն իր գլխավորած պատվիրակության կատարած ողջ աշխատանքը լավ ժառանգություն է համարում հաջորդ խորհրդարանական պատվիրակության համար: «Մենք թողնում ենք լավ ժառանգություն, բայց դա չի նշանակում, որ պատրաստվում ենք գնալ»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը հատուկ ընդգծեց` զերծ է մնացել փաստաթղթի` ներքաղաքական մասով ավելի կոշտ ձևակերպումններից, թեև դրանք ստանալու հնարավորություն ունեցել է:

«Կար հնարավորություն՝  ավելի կոշտ ձևակերպումներով ստանալ Հայաստանի ներքաղաքական բլոկը, որպեսզի քննադատական լինի, բայց այս փաստաթղթերը մնում են արխիվում, դառնում ինստիտուցիոնալ հիշողություն։ Ես զերծ մնացի գայթակղությունից՝  Հայաստանին վերաբերող գնահատականներն առավել կոշտ տեսնելու հնարավորությունից չօգտվեցի, որովհետև նույն ԵԽ-ն աշխատում է նաև ադրբեջանական պատվիրակությունների հետ։ Մենք վնաս չենք տալիս մեր երկրին, ապահովում ենք մեր երկրի շահերի լավագույնս ներկայացումը դրսում՝ խորհրդարանական պատվիրակությունների մակարդակով»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս