Աչքերի մասին 14 առասպելներ
Համակարգչային և բջջային սարքերը, կյանքի քաղաքային ռիթմն ու սթրեսները աչքերի համար մեծ ծանրաբեռնվածություն են։ «Տեսողությունը պահպանելը բարդ չէ»,- պնդում է Ս. Ֆյոդորովի մերձավոր զինակից Իգոր Մեդվեդևը։
Տեսողությունը այն 5 զգայարաններից մեկն է, որոնք մարդուն օգնում են ճանաչել աշխարհը։
Մթության մեջ ապրելը սարսափելի է։ Փորձեք փակել աչքերը ու գոնե 3 քայլ անել։ Այդ պատճառով էլ արդեն հիմա պետք է մտածել, թե ինչպես պահպանել բնության այդ բացառիկ նվերը՝ աչքերը։ Պահպանեք ձեր տեսողությունը՝ հետևելով նաև ստորև բերվող խորհուրդներին ու իրողություններին։
Եվ այսպես՝
1. «Չի կարելի հեռուստացույց դիտել՝ էկրանին չափազանց մոտ նստած»։
Իրականում մոտ տարածությունից հեռուստացույց դիտելու և տեսողության վատացման միջև ուղիղ կապի ոչ մի ապացույց չկա։ Դրա համար էլ նստեք այնտեղ, ուր հարմար է։ Հիշեք՝ աչքերը կարող են հոգնել այն դեպքում, երբ դուք շատ երկար եք նստում էկրանի առջև, հատկապես, եթե սենյակում կիսախավար է։
2. «Մթության մեջ կարդալը վնասակար է աչքերի համար»։
Ինչպես և կիսախավարի մեջ հեռուստացույց դիտելու պարագայում, աչքերը մթության մեջ կարդալուց կհոգնեն, սակայն ըստ էության դա ոչ մի կերպ չի կարող վնասել տեսողությանը։
3. «Աչքերի համար հատուկ վարժությունները օգնում են լավացնել տեսողությունը»։
Աչքերի մկանների տոնուսի համար բավական է պարզապես ապրել ու աշխարհին նայել ինքդ քո միջով։ Աչքի մկանները «ամրապնդելու» ցանկացած լրացուցիչ փորձ ժամանակի ու ջանքերի բացարձակապես անիմաստ վատնում է։
4. «Տեսողությունը կվատանա, եթե մենք չափազանց երկար այն շահագործենք»։
Աչքերն էլեկտրական լամպեր չեն, նրանք չեն կարող «վառվել» երկար օգտագործումից։ Իրականում աչքերը կարող են մեզ ծառայել մեր ողջ կյանքում։ Դրա համար էլ ընթերցանության կամ աշխատանքի ժամերը կրճատելով՝ դուք երբեք չեք բարելավի ձեր տեսողությունը, այլ միայն ձեզ կզրկեք սիրելի գրքից կամ չեք ավարտի կարևոր աշխատանքը։
5. «Տեսողությունը տարիքի հետ լավանում է»։
«Երկրորդ տեսողություն» կոչված երևույթը, հատկապես մոտ տարածությունից մարդու՝ տարիքի հետ իբր ավելի լավ տեսնելն է։ Իրականում նման «լավացումը» ոչ այլ ինչ է, քան ակնային կատարակտի զարգացում, որը, փոխելով ակնաբյուրեղիկի ֆոկուսացումը, բարձրացնում է կարճատեսության մակարդակը։
6. «Տեսողությունը վատանում է սեքսով հաճախ զբաղվելուց»։
Բնականաբար, դա սխալ է։ Այս անհիմն պնդումը ծնվել է այն բանից, որ սեռական ճանապարհով փոխանցվող սիֆիլիսը կարող է հանգեցնել կուրության։ Սակայն ժամանակակից աշխարհում այս հիվանդությունը բուժելի է, դե իսկ կանխարգելման եղանակներն էլ հայտնի են երկրագնդի բնակչության մեծ մասին։
7. «Ոչ հարմար շրջանակով ակնոցը փչացնում է տեսողությունը»։
Իրականում տեսողությունն ուղղելու համար պահանջվում է դիոպտրիայի ճիշտ ցուցիչով ակնոց։ Սխալ շրջանակը անհարմարություն է, բայց ոչ մի կերպ աչքերը փչացնելու գործոն չէ։
8. «Կույրերն օժտված են 6-րդ զգայարանով ու գերբնական ունակություններով»։
Տեսնող մարդիկ շրջակա աշխարհում կողմնորոշվում են տեսողության օգնությամբ, ու նրանք կարիք չունեն լրացուցիչ զարգացնել այլ զգայարաններ՝ հոտոտելիքը, շոշափելիքը և այլն։ Կույրերը, սակայն, պետք է մեծ ջանքեր գործադրեն այն բանի համար, որ փոխհատուցեն տեսողության բացակայությունը հոտոտելիքի, շոշափելիքի, լսողության ու համի միջոցով։ Նրանք ոչ մի 6-րդ զգայարան էլ չունեն։
9. «Իմաստ չկա մինչև 40 տարեկանը ստուգել տեսողությունը»։
Բոլորն առանց բացառության պետք է կանոնավոր կերպով ստուգեն իրենց տեսողությունը՝ անկախ ակնային որևէ հիվանդության առկայությունից կամ բացակայությունից։ Շատ հիվանդություններ, այդ թվում և՝ գլաուկոման, կարող են արտահայտվել նույնիսկ շատ երիտասարդ տարիքում։
10. «Աչքի փոխպատվաստումը ակնաբուժության մեջ սովորական երևույթ է»։
Աչքի ամբողջական փոխպատվաստումն անհնար է։ Աչքն ուղեղի հետ միացած է նուրբ ակնային նյարդերով։ Եթե վնասես նյարդը կամ այն հեռացնես, նրա կապն ուղեղի հետ արդեն հնարավոր չի լինի վերականգնել։ Հենց որ բժիշկները սովորեն ուղեղի փոխպատվաստում կատարել, հնարավոր կլինի նաև աչքերի փոխպատվաստում կատարել։
11. «Գիտնականները մոտ են արհեստական աչքի հայտնագործմանը»։
Ներկա պահին հետազոտողների մի խումբ զբաղված է միկրոչիպի մշակմամբ, որը կարող է փոխարինել աչքի վնասված ցանցաթաղանթին։ Այլ գիտնականներ փորձում են լուծել միկրոսկոպիկ թվային խցիկի ու մարդկային ուղեղի ուղիղ միացման պրոբլեմը։ Սակայն աչքերն ու ուղեղը գործում են բոլորովին ոչ այնպես, ինչպես խցիկն ու համակարգիչը։
Նույնիսկ, եթե առաջիկայում, այսպես կոչված, արհեստական աչքը հայտնագործվի էլ, հետազոտողներին անհրաժեշտ կլինի լուծել այդ աչքի՝ ուղեղի նյարդային համակարգի մեջ ներկառուցելու խնդիրը։
12. «Արևային ակնոցի միջով արևին նայելը բացարձակապես անվտանգ է»։
Վտանգավոր ուլտրամանուշակագույնը կարող է վնաս հասցնել ցանցաթաղանթին, եղջերաթաղանթին ու ակնաբյուրեղիկին, նույնիսկ, եթե աչքերը թաքնված են արևապաշտպան ակնոցի հետևում։
Դրա համար էլ այդպես արևին նայելը վտանգավոր է. դուք ոչ միայն գլխացավ կվաստակեք ու ժամանակավորապես կզրկվեք տեսողությունից, այլև անդառնալի վնաս կպատճառեք ձեր աչքերին։ Ոչ մի դեպքում չի կարելի արևին նայել առանց հատուկ հարմարանքների։ Արևի ուղիղ ճառագայթները ունակ են մարդուն կուրացնել մեկ րոպեից էլ պակաս ժամանակում։
13. «Հնարավոր չէ կանխել տեսողության վատացումն ու կորուստը»։
Ակնաբույժի մոտ կանոնավոր հետազոտությունները, ինչպես նաև կենցաղում տարրական կանոնների պահպանումը ձեզ կօգնեն պահպանել տեսողությունը։ Տեսողության կորստի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագետի։
Հիվանդության՝ ժամանակին արված ախտորոշումը կօգնի հաջողությամբ բուժել, կանգնեցնել կամ էականորեն դանդաղեցնել տեսողության կորստի գործընթացը՝ կախված դեպքի ծանրության աստիճանից։
14. «Ակնոց կրելը ոչ թե կարգավորում, այլ միայն վատացնում է տեսողությունը»։
Ակնոց կրելը ընդհանուր առմամբ ոչ մի կերպ չի կարող վատացնել տեսողությունը։ Ողջ խնդիրը մեր աշխարհընկալման մեջ է։
Աչքերի հոգնածությունն անցկացնող վարժություններ
1. Կատարվում է նստած։
Աչքերը 3-5 վայրկյան ամուր կկոցեք, ապա բացեք 3-5 վայրկյան։ Կրկնեք 6-8 անգամ։
Այս վարժոությունը նպաստում է կոպերի մկանների ամրապնդմանը, աչքերի մկանների թուլացմանն ու արյան շրջանառության բարելավմանը։
2. Կատարվում է կանգնած։
Նայիր ուղիղ դիմացդ 2-3 վայրկյան, ապա ձեռքերդ մեկնիր աչքերից 25-30 սմ հեռավորության վրա, հայացքդ փոխադրիր մատիդ ծայրին ու նայիր 3-5 վայրկյան։ Իջեցրու ձեռքերդ։ Կրկնիր 10-12 անգամ։
Այս վարժությունը նվազեցնում է աչքերի հոգնածությունը ու մոտ տարածության վրա տեսողական աշխատանքը։
3. Կատարվում է նստած։
Յուրաքանչյուր ձեռքի 3 մատներով թեթևակի սեղմել վերին կոպը, 1-2 վայրկյան անց աչքերը կոպի վրայից վերցնել։ Կրկնել 3-4 անգամ։
Վարժությունը բարելավում է ներաչքային հեղուկների շրջանառությունը։
Վարժություններ աչքերը թուլացնելու համար
Կարճատեսությամբ ու հեռատեսությամբ տառապող մարդկանց համար շատ կարևոր է թուլանալ կարողանալը, քանի որ տեսողության անընդհատ լարվածությունը նպաստում է այդ պաթոլոգիաների զարգացմանը։ Հիանալի է այս դեպքում օգնում մարզանքը։
Կատարվում է մեջքի վրա պառկած վիճակում, կրունկները՝ միացրած, ոտնաթաթերը՝ տարբեր կողմերում։ Ձեռքերը նույնպես կողքի են տարածված 30-45 աստիճանով։
1. Հերթով ուժգին լարել ու կտրուկ թուլացնել ձախ ոտքի մկանները, ապա՝ աջը, հետո՝ ձախ ու աջ ձեռքերինը, հետույքի մկանները։
2. Խորը շունչ քաշել ու ուժեղ փքել ստամոքսը։ Շնչառությունը պահեք 3-5 վայրկյան, ապա կտրուկ արտաշնչեք բերանով։ Այս պարագայում տեղի է ունենում ստամոքի մկանների ավտոմատ թուլացում։ Կրկին խորը շնչել, աշխատել առավելագույնս ընդարձակել կրծքավանդակը, շնչառությունը պահել 3-5 վայրկյան ու կտրուկ արտաշնչել բերանով։
3. Լարել ու թուլացնել մեջքի ու ուսերի մկանները հերթով։ Ուժեղ լարել պարանոցի մկանները ու թուլացնել դրանք։ Երբ թուլանում եք, պատկերացրեք, թե ինչպես է մարմինը լցվում ջերմությամբ ու ծանրությամբ։
Առավոտյան և քնելուց առաջ ամեն օր 3-5 րոպե այս վարժությունները կատարելով՝ դուք կապահովեք լարվածության լիակատար թուլացում և լավ հոգեբանական-զգացմունքային վիճակ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը