Բաժիններ՝

Կրթության ոլորտում պետք են խաղի նոր կանոններ

Հասկանալի է, որ առաջիկա ամիսներին Հայաստանում շատ ավելի մեծ ուշադրության են արժանանալու քաղաքական և տնտեսական խնդիրները, քան կրթական հարցերը։ Բայց մյուս կողմից՝ հեղափոխությունից հետո Հայաստանի ուսումնական հաստատություններում առկա է աննախադեպ լարվածություն։ Լարված իրավիճակ է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ կապված կոռուպցիոն բացահայտումների հետ, ԵՊՀ-ում կա հակադրություն ուսանողների միջև, Շիրակի և Գորիսի պետական համալսարաններում ավելի վաղ էր իրավիճակը լարվել։

Շուրջ մեկ տասնյակ դպրոցներում նույնպես լարված իրավիճակ է։ Կամ տնօրենի հրաժարական են պահանջում, կամ նոր տնօրենի ընտրության հետ կապված խնդիրներ կան։ Այս զարգացումները միանգամայն տեղավորվում են հետհեղափոխական շրջանի տրամաբանության մեջ։ Տեղի է ունեցել իշխանության փոփոխություն։ Եվ հիմա մարդիկ ցանկանում են փոփոխություններ տեսնել նաև տեղերում։ Բայց դա հեշտ չէ, քանի որ ներքևներում շատ բան չի փոխվել մարդկային հարաբերություններում։

Առկա իրավիճակի խնդիրն այն է, որ հախուռն զարգացումների արդյունքում թացը չորի հետ չխառնվի։ Չստացվի այնպես, որ համակարգում մնան մարդիկ, ովքեր շատ վատ են կառավարել, և հեռանան մարդիկ, ովքեր ունեն կարողություններ՝ նոր պայմաններում նոր եռանդով աշխատելու։

Օրինակ՝ կան կառավարիչներ, ովքեր այնպիսի վախի մթնոլորտ են ստեղծել իրենց հաստատություններում, որ ոչ ոք ռիսկ չի անում բողոքել։ Իսկ բողոքի բացակայությունը կարող է խաբուսիկ տպավորություն ստեղծել, որ այդտեղ ամեն ինչ կարգին է։ Մեկ այլ հաստատությունում, որն ավելի ժողովրդավար է կառավարվել, կարող են լինել դժգոհություններ, տարակարծություններ, ինչը կարող է ընկալվել՝ որպես վատ կառավարման արդյունք։ Ուսումնական հաստատություններում իրավիճակները շատ տարբեր կարող են լինել։ Եվ որպեսզի այդ բազմազանության պատճառով համակարգը չտուժի, շատ կարևոր է, որպեսզի ԿԳ նախարարությունը նոր իրավիճակում մշակի խաղի կանոններ։ Այդ կանոնները պետք է մշակվեն լայն հանրային քննարկումների արդյունքում, և առաջին հերթին՝ ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։

Կարդացեք նաև

Կարող են լինել տարբեր մոտեցումներ։ Օրինակ՝ մոտեցումներից մեկն այն է, որ սահմանվում են ուսումնական հաստատությունների աշխատանքի գնահատման ցուցանիշներ։ Այն հաստատությունները, որոնք համապատասխանում են ներկայացված ցուցանիշներին, կարող են շարունակել իրենց բնականոն գործունեությունը։ Այն հաստատությունները, որոնցում արձանագրվում են շատ ցածր ցուցանիշներ, ապա դրանցում դրվում է ղեկավարի փոփոխության խնդիր։

Օրինակ՝ դպրոցների ավարտական քննությունները միասնական դարձնելու նախարարության նախաձեռնությունը նման մոտեցման մի դրսևորում է։ Եթե դպրոցի աշակերտները ցուցաբերում են չափազանց ցածր արդյունքներ, ապա փոխվում է դպրոցի ղեկավարությունը։ Այսպիսի մոտեցում աշխարհի որոշ երկրներում կիրառվել է։ Օրինակ՝ Անգլիայում շատ ցածր արդյունքներ ունեցող դպրոցների աշխատակազմն ազատվում էր աշխատանքից և նոր աշխատակազմ էր հավաքվում։ Բայց այս մոտեցումն իրեն չի արդարացնում այն պատճառով, որ աշակերտների ուսումնական առաջադիմության վրա ազդող բազմաթիվ գործոններ կան։

Եվ հնարավոր է՝ ցածր ցուցանիշները պայմանավորված են երեխաների սոցիալ-տնտեսական իրավիճակով և այլ գործոններով։ Կա տեսակետ, որ երեխաների ուսումնական տարբերությունների վրա ավելի շատ ազդում են ընտանիքների տարբերությունները, քան դպրոցների տարբերությունները։

Մյուս մոտեցումն այն է, որ բոլոր ուսումնական հաստատություններում անցկացվում են ստուգումներ, և հայտնաբերված խախտումների արդյունքում՝ կատարվում են կադրային փոփոխություններ։ Այս մոտեցումը գուցե բուհերի դեպքում կարող է աշխատել, քանի որ դրանց թիվը փոքր է, բայց դպրոցների, մանկապարտեզների պարագայում դժվար է։ Անհնար է կարճ ժամանակում ստուգել հարյուրավոր դպրոցներ ու մանկապարտեզներ։ Բացի այդ, ստուգումներով վախեցնելու մոտեցումը չի կարող առողջ միջավայր ապահովել համակարգում։

Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը հետևյալն է։ Պետք է սահմանվեն խաղի նոր կանոններ։ Շատ արագ անհրաժեշտ է փոփոխել ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու համար անցկացվող վերապատրաստումների և քննությունների բովանդակությունը։ Պարզապես իրավական ակտեր անգիր անելու փոխարեն՝ թեկնածուները պետք է լուրջ դասընթացներ անցնեն առաջնորդության, մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ։

Պետք է բարձրացնել նշաձողը, որպեսզի այն կարողանան հաղթահարել միայն պրոֆեսիոնալները։ Տնօրենները պետք է ունենան նաև ուժեղ մանկավարժական կարողություններ։ Նոր խաղի կանոններով տնօրենները պետք է լինեն ոչ թե սոսկ վարչական աշխատողներ, ովքեր անընդհատ տվյալներ ու փաստաթղթեր են ուղարկում մարզպետարան ու նախարարություն, այլև պրոֆեսիոնալներ, ովքեր լրջորեն ներգրավված են ուսումնական գործընթացում, մանկավարժական առաջնորդներ են։ Տնօրենները՝ որպես ուսումնական գործընթացի լավագույն գիտակներ, պետք է ներգրավեն ռազմավարություններ՝ նորմատիվային փաստաթղթեր մշակելու և դրանք իրագործելու գործընթացներում։

Վերապատրաստումների ծրագրերում պետք է օգտագործվի այլ ոլորտներում ներդրված կառավարման լավագույն փորձը։ Մի խոսքով, տնօրեններին պետք է ներկայացվեն բարձր պահանջներ։ Ովքեր կբավարարեն այս պահանջները, կարող են աշխատել։ Ովքեր չեն բավարարի, պետք է փոխարինվեն։ Հայաստանի կրթության ապագան մեծապես կախված է այն բանից, թե ինչպիսի ղեկավարներ կունենանք ուսումնական հաստատություններում։ Ոչ մի նախարար կամ փոխնախարար չեն կարող ամենօրյա ռեժիմով վերահսկել ուսումնական հաստատությունների աշխատանքը։

Հետևաբար, եթե նախարարությունը սահմանի ուսումնական հաստատություն ղեկավարելու բարձր շեմ, ապա մենք կունենանք որակապես այլ կրթական համակարգ։ Նույն կանոնները պետք է սահմանվեն նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության ոլորտներում։ Իհարկե, փոփոխությունների բաղադրիչներից մեկը պետք է լինի ուսումնական հաստատությունների ղեկավարների աշխատավարձերի էական բարձրացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս