ՊԵԿ-ը գերակատարել է հավաքագրումները, սակայն ինչո՞ւ է թերակատարվել առաջին կիսամյակի բյուջեի եկամուտները
Սեպտեմբերի 10-ին կայացած ասուլիսը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը սկսեց բացատրական նախաբանով` ներկայացնելով 2018 թվականի հունվարի 1-ից գործող մեթոդաբանական որոշ փոփոխություններ, որոնք հակասական մեկնաբանությունների պատճառ են հանդիսացել:
Մասնավորապես՝ ներկայացնելով տվյալները, Դ. Անանյանը նշեց, որ 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարները կազմել են 880 միլիարդ դրամ, որն ավելին է 2017 թվականի նույն ցուցանիշից 120.8 միլիարդ դրամով: 8 ամիսների ընթացքում վերադարձները կազմել են 62.7 մլրդ դրամ՝ 2017 թ. 24.5 մլրդ-ի փոխարեն: Այսպիսով, 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջեի համախառն մուտքերը կազմել են 812.8 մլրդ դրամ, որն ավելի է 2017 թվականի ցուցանիշից 78.1 միլիարդ դրամով:
Սակայն այս գումարը դեռևս պետական բյուջեի եկամուտ չի համարվում, որովհետև այն իրենից ներկայացնում է համախառն զուտ հավաքագրումները, և որպեսզի ստանանք, թե որքան է կազմում պետական բյուջեի եկամուտները, պետք է 812.2 միլիարդից հանենք միասնական հաշվի մնացորդը, որը ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ՝ կազմում է 39 միլիարդ դրամ:
Դ. Անանյանը նաև նշեց, որ այս պահին համադրել Ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող փաստացի պետական բյուջեի եկամուտների թվի հետ չենք կարող, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունն այն հրապարակում է 3, 6, 9 ամիսների և տարեկան կտրվածքով, ուստի նման հրապարակում կլինի հոկտեմբեր ամսին:
Հաշվի առնելով վերոնշյալը, այժմ դիտարկենք 6 ամիսների արդյունքներով հրապարակված տվյալները՝ հասկանալու համար, թե այնուամենայնիվ, առաջին կիսամյակի տվյալներով ունեցել ենք գերակատարո՞ւմ, թե՞ թերակատարում: Դրա համար պետք է կիսամյակային ցուցանիշները դիտարկենք նախ՝ ՊԵԿ-ի, այնուհետև՝ բյուջեի տեսանկյունից:
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի հրապարակումների համաձայն, 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ համախառն հավաքագրումների գումարը կազմել է 602.14 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները կազմել են 572.9 մլրդ դրամ, իսկ միասնական հաշվի մնացորդը՝ 29.2 մլրդ դրամ:
Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվության համաձայն, 2018 թվականի 1-ին կիսամյակի փաստացի եկամուտները կազմել են 606.4 մլրդ դրամ, ինչը պակաս է առաջին կիսամյակի ճշգրտված պլանից 21 միլիարդ դրամով, իսկ կիսամյակի կատարողականը կազմել է 96.6 տոկոս:
Հարկային եկամուտների մասով ընդհանուր գումարը կազմել է 572.9 մլրդ դրամ, որը պակաս է ճշգրտված պլանից շուրջ 7 միլիարդ դրամով: Այստեղ տեղին է ևս մեկ անգամ հիշատակել, որ թեև միասնական հաշվի մնացորդը 29 մլրդ դրամ է եղել, որը տվյալ օրվա դրությամբ հավաքագրված և դեռևս որպես եկամուտ ձևակերպված չի եղել, սակայն փաստացի, առաջին կիսամյակի մասով հարկային եկամուտները թերակատարվել է 7 մլրդ դրամով կամ 1.1 տոկոսով: Իհարկե, ՊԵԿ-ը հնարավորություն ունի մինչև տարեվերջ մնացորդային գումարը փոխանցել, սակայն չի բացառվում նաև, որ այդ գումարի մի մասը դեկտեմբերի 31-ի դրությամբ ևս կմնա մնացորդային հաշվին, և որպես եկամուտ կճանաչվի ավելի ուշ՝ այդպիսով դասվելով ուշացած եկամուտների շարքին, և եթե մնացորդային հաշվի գումարը մենք այսօր հիմք ենք ընդունում հայտարարելու համար, որ ունեցել ենք եկամուտների հավաքագրման գերակատարում, ապա նույն պատասխանատվությամբ պետք է նաև հայտարարենք, որ այդ մնացորդային գումարը մինչև տարեվերջ «կմաշեցնենք», և ամբողջապես այն կճանաչվի պետական բյուջեի եկամուտ:
Հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ բյուջեի եկամուտների թերակատարում է արձանագրվել նաև պաշտոնական դրամաշնորհների մասով: Առաջին կիսամյակի համար ճշգրտված պլանով նախատեսված 17.2 մլրդ դրամաշնորհների դիմաց փաստացի ստացվել է ընդամենը 3.7 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է ընդամենը 21.9 տոկոս: Կատարողականին կից ներկայացված հաշվետվության մեջ այս հանգամանքը բացատրված է հետևյալ կերպ՝ դրամաշնորհների կատարողականի ցուցանիշը պայմանավորված է ծրագրերի կատարման աստիճանով, որի արդյունքում 18 ծրագրերի շրջանակներում նախատեսված ավելի քան 7.1 մլրդ դրամ դրամաշնորհները չեն ստացվել: Այլ մանրամասներ թերակատարված ծրագրերի մասին նշված չեն, և լավ կլիներ, որ պատասխանատու գերատեսչությունը հանդես գար պարզաբանմամբ՝ մանրամասն ներկայացնելով, թե կոնկրետ ո՞ր ծրարգրերի մասով է պայմանավորված այս թերակատարումը, ինչպես նաև նշվեր 7.1 միլիարդ չստացված դրամաշնորհներից բացի՝ մնացած ավելի քան 6 միլիարդի (17.2-(3.7+7.1)=6.4) թերակատարման բացատրությունը:
Ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքները, պետք է նշենք, որ, թեև առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրվել է թերակատարում, սակայն մինչև տարեվերջ գերատեսչությունները հնարավորություն ունեն շտկելու իրավիճակը և ապահովելու փաստացի եկամուտների բարձր կատարողական: Այստեղ նախ և առաջ պետք է ուշադրություն դարձնել դրամաշնորհների ստացմանը, քանզի դրանք այն եկամուտներն են, որոնք առհասարակ կախված են միայն կատարված աշխատանքից և վարվող քաղաքականությունից, և ցավալի կլինի, որ տարեսկզբին պլանավորած ողջ գումարը չկարողանանք ստանալ: Հուսանք, որ մինչև տարեվերջ կունենանք շտկված իրավիճակ, իսկ հաշվի առնելով հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ի կողմից արձանագրված դրական արդյունքները, սպասելիքները դառնում են ավելի հավակնոտ:
ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ