«Ստացվում է, որ 6 տաջիկ ուսանողի համար համաձայնագիր ենք վավերացնում». Միհրան Պողոսյանը՝ Արայիկ Հարությունյանին
Այսօր ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչ նոր համաձայնագրեր կան առաջիկայում։ Նախարարն էլ ասաց, որ աշխատանք տարվում է մի շարք երկրների հետ։
«Մի շարք մասնավոր բժշկական բուհեր լրջագույն խնդիրներ են ստեղծում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի վարկանիշի հետ կապված, ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, համագործակցում ենք բոլոր երկրների հետ, որպեսզի այդ խնդիրները վերացվեն։ Բուհական համակարգում զգալի կրճատում ունենք ուսանողների թվի առումով, և այց բացն առաջիկա տարիներին պատրաստվում ենք լրացնել՝ ներգրավելով օտարերկրյա ուսանողներին, որը թույլ կտա մեր բուհերին այս ճգնաժամային փուլը հաղթահարել»,-ասաց նախարարը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ հարցրեց՝ փաստորեն, մենք ինֆորմացիա չունենք՝ հայ ուսանողները ունե՞նք Տաջիկստանում, թե՞ ոչ.
«Ստացվում է, մեծ հաշվով, որ 6 տաջիկ ուսանողի համար համաձայնագիր ենք վավերացնում։ Տաջիկստանն ինքն արդեն վավերացրե՞լ է, թե՞ ոչ»։
«Հանձնաժողովը կասի՝ վավերացրե՞լ է, թե՞ ոչ, ես նման տեղեկություն չունեմ։ Ես կարծում եմ՝ այստեղ թվով չէ պայմանավորված, Հայաստանի ուսանողների մասին տեղեկություն չունեմ։ Թվով չպետք է պայմանավորված լինի նման համաձայնագրի ստորագրումը, որովհետև դա աշխատատեղերի խնդիր էլ է լուծում»,- պատասխանեց նախարարը։
Միհրան Պողոսյանն էլ նկատեց, որ ամեն գործառույթ պետք է նպատակային լինի. «Պետք է ավելի խորը ուսումնասիրել, ավելի խորը հասկանալ և պայմանագիրը վավերացնել»։
Արայիկ Հարությունյանն էլ հիշեցրեց, որ համաձայնագիրը կնքվել է նախորդ տարվա հունիս ամսին՝ Տաջիկստանի նախագահի և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից.
«Կարծում եմ, որ այն ժամանակ պետք է այս հարցադրումը լիներ։ Ես այժմ կարծում եմ, որ նման համաձայնագիր ցանկացած երկրի հետ պետք է ստորագրվի, որը խթան կհանդիսանա մեր բուհական համակարգի միջազգայնացման և նոր ուսանողների ներգրավման համար»։