Փողի խնդիրը. Ի՞նչ են առաջարկելու Երևանի համար պայքարող քաղաքական ուժերը

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն արդեն սկսվել է։ Մայրաքաղաքի կառավարման ղեկը ստանձնել ցանկացող ուժերը մոտ 2 շաբաթ կխոսեն իրենց տեսլականների ու ծրագրերի մասին, թե ինչպես են պատրաստվում լուծել մայրաքաղաքի խնդիրները և զարգացնել Երևանը։

Իսկ խնդիրներն իրոք շատ են՝ սկսած աղբահանությունից ու վերելակներից՝ մինչև ավելի գլոբալ հարցեր։ Չեմ հիշում՝ ում մոտ էի կարդացել, որ ասում էր՝ Երևանը նման է հին տոնածառի, որը ամեն Նոր տարուն փոխանակ փոխվի, զարդարվում է գույնզգույն խաղալիքներով։

Շատ կարևոր է, որպեսզի մեր հասարակությունը սկսի առաջնորդվել ոչ թե թեկնածուների անձերով ու անձնական-բարեկամական կապերով, այլ ներկայացված ծրագրերի իրատեսականությամբ։ Այսինքն՝ ընտրեն այն ուժին, որը հստակ պատկերացնում է քաղաքի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհը։

Այս հոդվածով ցանկանում ենք, պատկերավոր ասած, նախապատրաստել երևանցիներին՝ հնարավորություն տալով մի փոքր ավելի լավ պատկերացնել, թե ինչ ունենք այսօր։

Երևանի դերը տնտեսության մեջ

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Երևանը հանրապետություն է՝ հանրապետության մեջ։ Ֆինանսական, տնտեսական, աշխատանքային ռեսուրսների մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում։ Ընդամենը մեկ տվյալ նշենք, Երևանը՝ իր 1 մլն բնակչությամբ (Հայաստանի բնակչության 30%-ը), ապահովում է ամբողջ երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 60%-ը։ Մանրածախ առևտրի, արդյունաբերության, արտահանման, ֆինանսական շարժի մեծ մասը նույնպես բաժին է ընկնում Երևանին։

Սրա հետ միաժամանակ՝ Երևանի բյուջեն ընդամենը 80.2 մլրդ դրամ է (2018 թվականի համար)։ Սա Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի (պետական և համայնքների բյուջեների հանրագումարը) մոտ 5%-ն է։

Եթե հարցին շատ չոր նայենք, կստացվի, որ Երևանն ավելի շատ տալիս է, քան ստանում է։ Երևանում գեներացված հարկերի մեծ մասը գնում է պետբյուջե, որտեղից հետո պաշտոնական դրամաշնորհների տեսքով դրա մի փոքր մասը հետ է գալիս մայրաքաղաքին (80 մլրդ դրամից 21.7 մլրդ դրամը պաշտոնական դրամաշնորհներն են)։

80 մլրդ դրամը բավականին փոքր գումար է։ Որպեսզի հասկանալի լինի, թե որքան փոքր է Երևանի բյուջեն, կարող եք աչքի անցկացնել հաջորդ գծապատկերը։ Այնտեղ ներկայացրել ենք բնակչության թվով Երևանին համադրելի քաղաքների բյուջեները՝ դոլարային տեսքով։ Ճիշտ է, փոխարժեքների տատանումների հետևանքով այդ թվերը միգուցե ճշգրտման կարիք ունեն, սակայն պատկերը դրանից չի փոխվում։

Ինչպես տեսնում եք, Երևանի բյուջեն տարբեր մայրաքաղաքների բյուջեներին զիջում է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով։ Ու եթե Երևանը համեմատում ենք, ասենք, Բրյուսելի կամ թեկուզ Ռիգայի հետ, ու ցանկանում ենք, որ մեր մայրաքաղաքն իր հարմարությամբ ու ենթակառուցվածքներով համապատասխանի այս քաղաքներին, ուրեմն պետք է սկսել ամենակարևորից՝ փողից։

Ինչի՞ համար ենք այս ամենը ասում։ Երևանի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, անկասկած, ներկայացնելու են մեկը մյուսից գեղեցիկ ու հավակնոտ ծրագրեր։ Անկեղծ ասած՝ դեռ չենք հասցրել նայել ծրագրերը, բայց կասկած չկա, որ այդ ծրագրերը կարդալով՝ մեր առջև հառնելու է մոտ ապագայում եվրոպական լավագույն մայրաքաղաքներից մեկի պատկերը։

Սակայն էականը պետք է լինեն ոչ թե տեքստերը, այլ թվերը։ Ասո՞ւմ ես, որ ծրագրում ես Երևանում մետրոյի կայարանների թիվն ավելացնել, բարի եղիր նաև ասա՝ ի՞նչ է դա արժենալու և որտեղից է լրացուցիչ գումար հայթայթվելու այդ ծրագրի իրականացման համար։ Ու ընդհանրապես, խոսքը վերաբերում է ոչ թե ծրագրերի առանձին դրույթներին ու խոստումներին, այլ՝ ամբողջ ծրագրին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հստակ կարողանա պատասխանել, թե իր ծրագրով նախատեսված բարեփոխումները որքա՞ն են արժենալու և ի՞նչ միջոցներով են կատարվելու։

Գլխանց ասեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարով ֆինանսի հարցը չի լուծվում։ Կոռուպցիայի դեմ պայքարով կարելի է ընդամենը այնպես անել, որ այդ 80 մլրդ դրամն ավելի արդյունավետ ծախսվի։ Սակայն 80-ը 100 կամ 120 դարձնել է պետք։ Որքան էլ ցավալի լինի, պետք է գիտակցել, որ այդ 80 մլրդ դրամը, եթե անգամ ամբողջությամբ հասցեական և գերարդյունավետ ծախսվի, բավարար չէ անգամ նորմալ մաքրվող քաղաք ունենալու կամ վերելակների խնդիրը գոնե մասամբ լուծելու համար։

Իհարկե, հասկանալի է, որ Երևանի բյուջեն չի կարող ամբողջ երկրի բյուջեից ու տնտեսությունից անջատ դիտարկվել։ Եթե Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մի քանի անգամ զիջում է եվրոպական երկրներին, բնական է, որ քաղաքի բյուջեն էլ պետք է զիջի։

Ըստ այդմ, քաղաքական ուժերի ծրագրերը պետք է լինեն «վերմակին» համապատասխան։ Իսկ հավակնոտ ծրագրեր ներկայացնողները պետք է պատասխանեն 2 հարցի՝ կա՛մ ինչպես մեծացնել բյուջեն, կա՛մ ինչպես եղած բյուջեով, մասնավոր սեկտորի հետ համագործակցելով՝ իրականացնեն իրենց ծրագրերը։

Չենք ասում, թե կտրուկ փոփոխություններն անհնար են։ Պարզապես ակնկալում ենք իրատեսական ու պոպուլիզմից զերծ ծրագրեր։ Օրինակ՝ ավելի լավ է անկեղծ ասել, որ անհրաժեշտ է բարձրացնել որոշ տեղական տուրքեր, կամ՝ թանկացնել հասարակական տրանսպորտը՝ նորմալ համակարգ ունենալու համար, քան տալ խոստումներ, իսկ հետո հերոսաբար արդարանալ, թե ինչու հնարավոր չի սայլը տեղից շարժել։

Տեսանյութեր

Լրահոս