Երկու հարց, որ դուրս մնացին Մերկելի՝ Հայաստան կատարած այցից
Վերջերս գերմանական և ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող գերմանական Rheinmetall ընկերությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրել է մտադրությունների հուշագիր։ Ըստ փորձագետների՝ նման գործարքը կարող է խախտել հակամարտության գոտիներ զինտեխնիկայի մատակարարման գերմանական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները, ինչպես նաև կարող է նպաստել Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցելության ընթացքում պաշտոնական հանդիպումների մասին հաղորդագրություններում ՀՀ-ի համար կարևոր այս թեմայի մասին խոսք չեղավ։
168.am-ը ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց՝ արդյոք Մերկել-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվե՞լ են այդ գործարքին առնչվող հարցեր և, եթե՝ այո, կողմերն ի՞նչ տեսակետներ ունեն։ Նաև հետաքրքրվեցինք, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնավոր զրույցում Ա. Մերկելն ասե՞լ է «ցեղասպանություն» բառը, որից կանցլերը խուսափեց մամուլի հետ շփման ժամանակ։
«ՀՀ ժամանած Գերմանիայի կանցլերի հետ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Քննարկումների՝ հրապարակման ենթակա մանրամասների մասին հանությունը տեղեկացվել է մամուլի հաղորդագրության միջոցով և երկու երկրների ղեկավարների համատեղ ասուլիսի ընթացքում հնչած հայտարարություններից»,- ի պատասխան մեր հարցման՝ նշել են կառավարությունից։
Ի դեպ, հարցումը ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ուղարկել էինք օգոստոսի 25-ին, սակայն ոչինչ չասող այս պատասխանը մենք ստացանք միայն սեպտեմբերի 3-ին։
Մեր տեղեկություններով՝ Մերկել-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկում, այնուամենայնիվ, եղել է, զինտեխնիկայի շուրջ ստորագրված մտադրությունների հուշագրի թեման արծարծվել է, և տիկին կանցլերը նշել է, որ կհետևեն, որպեսզի ռազմական տեխնիկա չլինի, և այդ սարքավորումներն ու մատակարարվող ապրանքատեսակը չգործածվի հակամարտության գոտում։
Ինչ խոսք, զարմանալի էր, որ Հայաստանի և Արցախի համար կարևորագույն այդ թեման հրապարակային՝ ոչ ասուլիսի ընթացքում, ոչ էլ պաշտոնական հաղորդագրություններում որևէ կերպ չարծարծվեց։ Եվ հասարակության ընկալումներում Անգելա Մերկելի պես քաղաքական լուրջ և ազդեցիկ գործչի Հայաստան կատարած այցից մնաց զբոսանքը Հյուսիսային պողոտայում և սելֆիները վարչապետի և որոշ քաղաքացիների հետ… Իսկ թե որքանով կարող ենք հուսալ, որ այդ հուշագրի հետևանքները չեն տարածվի ղարաբաղաադրբեջանական շփման գծի վրա, ցույց կտա ժամանակը։