Ադրբեջանում դադարել են աշխատել Instagram-ն ու TikTok-ը՝ հիջաբների արգելքի դեմ բողոքների ֆոնին
Ադրբեջանում օգտատերերը դժգոհում են Instagram-ի և TikTok-ի հասանելիության հետ կապված խնդիրներից։ Օգտատերերի հաղորդմամբ՝ սոցցանցերը բացվում են միայն VPN-ի միջոցով։ Խափանումները համընկան դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքների հետ, սակայն իշխանությունները չեն հաստատել հարթակների արգելափակումը։
Ինչպես հայտնում է BBC-ն, հասանելիության խնդիրները ազդել են նաև այլ ինտերնետ-ծառայությունների վրա․ որոշ օգտատերեր դժգոհում են YouTube-ի դանդաղ աշխատանքից և Gmail մուտք գործելու դժվարություններից։ Խափանումների պատճառների վերաբերյալ պաշտոնական բացատրություններ առայժմ չկան։ Դժգոհություն է առաջացրել դպրոցական համազգեստի կանոնների փոփոխության մասին որոշումը։ Փաստաթուղթը ուղղակիորեն չի արգելում հիջաբը, սակայն աշակերտների հագուստի նկատմամբ սահմանում է պահանջներ՝ հիմնված կրթության աշխարհիկության սկզբունքի վրա։
Սոցիալական ցանցերում տարածվում են բողոքի ակցիաների տեսանյութեր, որոնց մասնակիցները պահանջում են թույլատրել աղջիկներին դասերի ներկայանալ հիջաբով։ Ձայնագրություններից մեկում երեխաները վանկարկում են․ «Հիջաբը չի խանգարում ուսմանը»։ Լարվածության ֆոնին Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է 37 մարդու վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։
Գերատեսչության վարկածով՝ նրանք խախտել են հասարակական կարգը և խոչընդոտել դպրոցական համազգեստի կանոնների կիրառմանը։ Միևնույն ժամանակ իշխանությունները դեռ չեն հաստատել, որ Instagram-ի և TikTok-ի հասանելիության սահմանափակումները կապված են բողոքների հետ։ Թվային զարգացման նախարարությունը խափանումների պատճառների վերաբերյալ բացատրություններ չի ներկայացրել։

