«Կոչնչացնենք ամեն ինչ և բոլորին». ՆԱՏՕ-ի՝Եվրոպայում միացյալ զինված ուժերի գլխավորհրամանատարը սպառնացել է Ռուսաստանին
ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը Վարշավայի անվտանգության համաժողովում նախազգուշացրել է Մոսկվային, որ դաշինքը պատրաստ է զանգվածային հարված հասցնել՝ դաշինքի անդամ որևէ երկրի դեմ ագրեսիայի դեպքում.
«Եթե որևէ մեկը այնքան հիմար գտնվի, որ հարձակվի մեզ վրա, մենք կպայքարենք։ Մենք կկասեցնենք հարձակումը և թույլ չենք տա, որ հակառակորդը հասնի իր նպատակներին՝ անկախ դրանց բնույթից։ Մի խոսքով՝ մենք այնպես կանենք, որ դաշնակիցներից որևէ մեկի վրա ցանկացած հարձակում լիովին անիմաստ դառնա»։

Գեներալ Ալեքսուս Գրինկևիչն ընդգծել է, որ պատասխան հարվածը կտարածվի առաջնագծից շատ ավելի հեռու.
«Եթե հակառակորդը որոշի շարունակել հարձակումը կամ գործի դնել պահեստային ուժերը, մենք կկործանենք մեր դեմ ուղղված ռազմական գործողությունների համակարգը։ Դա ներառում է ոչ միայն անմիջականորեն հարձակվող ուժերը, այլև այն ամենը, ինչ աջակցում է դրանց, ապահովում դրանց գործունեությունը և ղեկավարում դրանք»,-հայտարարել է նա։
Գրինկևիչը ՆԱՏՕ-ի վրա լայնածավալ հարձակման հավանականությունը գնահատել է համեմատաբար ցածր՝ նշելով, որ ռուսական բանակը զբաղված է Ուկրաինայում ռազմական գործողություններով և կենդանի ուժի կորուստներ է կրում, որոնք, նրա պնդմամբ, գերազանցում են Ուկրաինայի զինված ուժերի կորուստները և ազդում Ռուսաստանի երկարաժամկետ հեռանկարների վրա։
Միաժամանակ նա նշել է, որ պահպանվում են դիվերսիաների և հիբրիդային հարձակումների սպառնալիքները։
Հարցին, թե որքան արագ ԱՄՆ-ը կարձագանքի Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա հարձակման դեպքում՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի շրջանակում, գեներալը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք շատ արագ արձագանքել»։
Նա նաև հիշեցրել է դաշինքի օդային գերազանցության մասին՝ մատնանշելով F-35 կործանիչների հնարավորությունները։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը

