Պարոն Պապիկյան, Փաշինյանն է ֆեյք տարածում, ջուրն է լցնում բանակի կերպարանափոխման հայեցակարգը. Գեղամ Մանուկյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է «Միմինո» ֆիլմի հայտնի ֆրազը՝ «эти жигули чем думают, под ногами крутятся, крутятся»:
«Էդ կրուտիտն է: Էրեկ նայում եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, լրագրողը պարզ հարց է տալիս՝ «Ձեր իշխանության ժամանակ կոռուպցիայի մեղադրանքով կալանավորված մարդուն ո՞նց է ՔՊ-ն հիմա համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրում, 10 րոպե լսում եմ և չեմ հասկանում՝ ինչ է ասում: Իսկ բանակի վերաբերյալ ավելի ահասարսուռ բան է ասում, որպեսզի հիմնավորի, թե ինչի են բանակում մահվան դեպքեր: Պարոն Պապիկյան, ֆեյքը մենք չենք տարածում, ֆեյքն իշխանության ղեկավարն է տարածում, երբ ասում է՝ առաջնագծում զգոնությունը թուլացել է, մարտական ոգին թուլացել է, որովհետև հաստատվել է խաղաղություն:
Պարոն Պապիկյան, Ձեր ղեկավարը ջուրն է լցնում բանակի կերպափոխման հայեցակարգը: Ջուրն է լցնում մեր ամբողջ զինված ուժերի կառուցվածքը, որովհետև ասում է, որ կորպուսի հրամանատար չկա, առաջնագծով տեղակալ չկա, բրիգադի հրամանատար չկա, մինչև մարտական հենակետի պատասխանատու չկա: Բանակին ավելի հեղինակազրկող հիմնավորում տեսե՞լ եք: Մենք ֆեյքերի կարիք չունենք, եթե նպատակ ենք դնում քննադատելու: Եթե ասենք ամբողջ ճշմարտությունը, շատ ավելի ահավոր կլինի: Բայց մեր զինված ուժերին սիրում ենք, դրա համար շատ հաճախ լեզուներս ատամներիս հետևում ենք պահում: Պարոն Պապիկյան, իսկ Դուք լավ գիտեք, որ սրտացավությունից բխող 100 քննադատություն ենք անում, բայց ոչ հրապարակային: Ես հիմա Նիկոլ Փաշինյանին զինված ուժերից հարց չեմ տալիս՝ հարգելով մեր զինված ուժերը, թե չէ ավելի խայտառակ հիմնավորումներ կբերեի, մեր տղերքը, սպաները, գեներալներն ափսոս են»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում պնդել է՝ լեզուն պետք չի պահել ատամների հետևում, բանակի բոլոր խնդիրների մասին պետք է խոսել:
«Դուք ֆեյք իրականություն էիք ստեղծել բանակի շուրջ, մենք կարծում ենք, որ բանակի բոլոր խնդիրների մասին պետք է հրապարակային խոսել: Ճշմարտությո՞ւն եք ուզում բանակի մասին: Անառարկելի ճշմարտություն եմ ասում. առաջին գործարանային արտադրության Դ-30 հրանոթը ՀՀ-ն ստացել է 2024 թվականին: Դրանից առաջ ՀՀ պատմության մեջ նոր Դ-30 հրանոթ չի եղել»,- նշել է նա:
Ի պատասխան Փաշինյանի այս հայտարարության՝ Գեղամ Մանուկյանը շեշտել է.
«Ամեն անգամ էդ օրինակը որ բերում եք, նախկին Դ-30-ները, որ երկու հաղթական պատերազմի են մասնակցել, երևի դրա նկատմամբ ատելությո՞ւնն էր, որ 44-օրյայի հերոս Ալբերտի նկարը ջնջեցին պատից քաղաքային իշխանությունները»:
Անդրադառնալով կոռուպցիոն թեմաներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը հիշեցրել է «Զինառ» փակ բաժնետիրական ընկերության նախկին տնօրենի հարցը, որը Կառավարությունից տեղափոխվել էր Պաշտպանության նախարարություն և ընդգրկվել իշխող ուժի նախընտրական ցուցակում։
Խոսքը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանի մասին է, որի նկատմամբ, ըստ մամուլի, հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը):
Մանրամասները՝ տեսանյութում

