ԼԳԲՏԻ-ի քարոզչության հիմքով Թուրքիայում արգելափակվել է առաջատար լրատվամիջոց

Թուրքիայի առաջատար անկախ լրատվամիջոցներից «T24»-ի կայքն ու սոցիալական ցանցերի էջերը Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ արգելափակվել են։ Այդ մասին հայտնում է «Region Monitor»-ը։ Որոշումը կայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազության «Իմ ընտանիքն ապահով է» հետաքննության շրջանակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արդարադատության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում «T24»-ը հրապարակել է 118 նյութ, որոնք որակվել են որպես «ԼԳԲՏԻ-ի քարոզչություն»։ Այդ հիմքով Ստամբուլի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ «T24»-ի կայքի և սոցիալական ցանցերի էջերի հասանելիությունն արգելափակելու համար։

Ստամբուլի առաջին քրեական դատարանը որոշում է կայացրել Թուրքիայի տարածքում արգելափակել «T24»-ի կայքն ու սոցիալական ցանցերի էջերը։ Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 29-ին և կատարման համար ուղարկվել կիբերանվտանգության վարչություն։

«T24»-ը հայտարարել է, որ դատարանի որոշմամբ արգելափակվել է ոչ միայն նշված 118 նյութերի, այլև լրատվամիջոցի ամբողջ բովանդակության հասանելիությունը Թուրքիայում։ Լրատվամիջոցը հայտարարել է, որ որոշման դեմ սկսել է իրավական գործընթաց՝ նշելով, որ որոշման հիմքում դրված 118 նյութերից 57-ի հեղինակներից 22-ը տարիներ առաջ են գրել «T24»-ում և այլևս չեն համագործակցում լրատվամիջոցի հետ։

Վերջինս նաև պնդել է, որ նշված նյութերից մի քանիսը, որոնք իսկապես հրապարակվել են վերջին մեկ տարվա ընթացքում, չեն պարունակում «ԼԳԲՏԻ-ի քարոզչություն»։ Ավելի ուշ 13 լրագրողական և մամուլի մասնագիտական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ քննադատել են «T24»-ի նկատմամբ կիրառված արգելափակումը՝ պահանջելով չեղարկել որոշումը։

Նշենք, որ լրատվամիջոցը գործում է 2009-ից և Թուրքիայի գլխավոր անկախ առցանց ընդդիմադիր լրատվամիջոցներից է։ Տեղեկացնենք, որ «Իմ ընտանիքն ապահով է» հետաքննության շրջանակում Թուրքիայում վերջին շաբաթներին մի շարք կայքերի և սոցիալական ցանցերի էջերի նկատմամբ ևս հասանելիության սահմանափակումներ են կիրառվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031