
Պետական մեքենան հայտնվել է սատանայի ձեռքում և գործում է ազգի ինքնության դեմ. Ազգային դիմադրողականությունը պետք է աշխատի. Կարո Վարդանյան

Պարզվում է՝ նոյեմբերի 1-ից Կառավարությունը որոշել է պետական սահմանահատման կնիքի վրայից հեռացնել Արարատ լեռան պատկերը։
Այսօր ՔՊ-ական պատգամավորները խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ Կառավարության այս որոշումն արդարացրեցին՝ ասելով, թե չեն ցանկանում «հարևաններին բարկացնել»։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքով՝ հեռու չէ այն օրը, որ իշխանությունն ինչ-որ իրավական ակտեր կմոգոնի և կմտնի քաղաքացիների անձնական տարածք։
«Օրինակ, իշխանությունն անարգել կարող է մտնել քաղաքացիների խոհանոց, ննջասենյակ, քանի դեռ այս ամենը չի պատահել, մենք գոնե մեր անձնական տարածքը պետք է լցնենք այդ նվիրական խորհրդանիշներով։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի նպատակը մենք գիտենք, սա հո նո՞ր չէ, իր կոչերն էլ ենք, չէ՞, լավ հիշում, ասում էր՝ ի՞նչ եք նայում խալխի սարին, ձերն Արագածն է, նայեք Արագածին։ Դե, հետո Արագածն էլ կհանձնի, ու կասի՝ «նայեք Հատիսին», դե, Հատիսն էլ չգիտեմ՝ ինչ են անում։
Իշխանության տրամաբանությունը նույնն է՝ մեր ազգային գույնը, երանգը մեր վրայից իսպառ ջնջել։ Այստեղ մեր ազգային դիմադրողականությունը, կենսունակությունը պետք է աշխատի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարո Վարդանյանը։
Ըստ նրա, պետական մեքենան, որը կոչված էր հայ ազգին պահպանելու (խոսքը և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր անվտանգության մասին է), հայտնվել է սատանայի ձեռքում և գործում է ազգի ինքնության դեմ։
«Հիմա այդ մարդն իր «իրավական ակտերով» Արարատի պատկերն էլ կհանի, զինանշանի վրայից էլ կհանի։
Ես կարող եմ ասել, որ ամեն մեկս մեր անձնական տարածքում ունենանք Արարատի պատկերը, մինչև այն պահը, երբ սա իր կեղտոտ ոտքերը կմտցնի մեր տուն ու կտեսնի այդ խորհրդանիշը»,- հավելեց Կարո Վարդանյանը։
Նա հիշեցրեց, որ 1950-1960-ականներին ոմանք նույնիսկ ծաղրում էին մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին, թե ուրիշ բան չգիտի՞, որ գրած 5 բանաստեղծություններից 4-ն Արարատի մասին է։
«Բայց բանաստեղծը գիտեր՝ ինչ էր անում, նա այդ ամենը մեր մեջ պատվաստեց։ Խոսքը միայն աշխարհագրական տարածքը չէ՝ գեղակերտ բնության հրաշքը, որը Մասիս լեռն է, մեր խորհրդանիշն է, հայկական լեռնաշխարհի կենտրոնը, որտեղ մեր ժողովուրդը ծագել է նրա փեշերին, տարածվել։
Առանց այն էլ մենք միավորող բան չունենք, հատկապես վերջին տարիներին, երբ հասարակությունը մի քանի մասերի է բաժանվել։ Եթե մեզ երբևէ որևէ բան միավորել է, ապա դա Արարատի խորհուրդն է, երկրորդը՝ ցավոք, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այսինքն՝ հիմա այս երկուսն էլ ստոր ու պիղծ ոտնահարման առարկա են դարձել։ Նույնիսկ մտածել էլ չի կարելի՝ Արարատից հրաժարվելու մասին, սա մեր ազգին է վերաբերում»,- ընդգծեց Կարո Վարդանյանը։