«Փաշինյանը մեր գլխին դարձել է «կոլեկցիոներ». տկար մեկին ահաբեկելով՝ համադրում է իր «կոլեկցիան». եկեղեցին մաքրագործվել է՝ ազատվելով 10 եպիսկոպոսներից». Կարո Վարդանյան

Առաքելական եկեղեցու որոշ քահանաներ իրենց ֆեյսբուքյան էջերում նույնաբովանդակ հայտարարություն են տարածում՝ ասելով, որ միանում են Նիկոլ Փաշինյանի հայտարարած «եկեղեցու բարենորոգմանը»։ Նրանք հիմնականում այն թեմերից են, որոնց առաջնորդները միացել են Նիկոլ Փաշինյանին և հանրության կողմից ստացել «տիրադավներ» անվանումը։ Չնայած, այդ թեմերում ոչ բոլոր քահանաներն են դեմ գնացել իրենց երդմանն ու ուխտին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի բնորոշմամբ՝ իրավիճակը Առաքելական եկեղեցու շուրջ շատ ավելի բարդ է, քան ներկայացվում է։ Վտանգն այն է, որ հղում է  կատարվում հայ ազգի բազմադարյա պատմությանը՝ ասելով, որ եկեղեցին շատ փորձություններ է տեսել, շատ փորձանքների միջով է անցել և այլն։

«Իհարկե, սա ճշմարտություն է, բայց այսպես ասելով ու ոչինչ չանելով՝ աննուղակի կերպով վտանգում ենք մեր եկեղեցին ու փափուկ բարձ դնում մեր հանրության գլխի տակ։

Այո, եկեղեցին ամեն ինչ միշտ հաղթահարել է, մեծ կամ փոքր կորուստների գնով, բայց այսօր այն իրավիճակը չէ, որ ամեն ինչ այս հարթության վրա դիտարկենք։ Սա ոչ թե հերթական փորձությունն է, սա արդեն կազմակերպված կործանում է հենց երկրի ներսից, ոչ թե դրսից։ Եթե հակիրճ ձևակերպեմ, ապա տրամաբանությունը սա է, կասկած չկա՝ այս գործընթացն ուղղորդվում է թշնամու կողմից, թելերը տանում են մինչև եվրոպական միսիոներներ։

Կարդացեք նաև

Եթե սրանց հաջողվեց մեր երկիրը կործանել, միևնույն է՝ թուրքը «Հայկական հարցից» մշտնջենական չի ազատվելու, իսկ այդ հարցը հետապնդելու է Հայոց եկեղեցին։ Այսինքն՝ այս մարդկանց նպատակը հետևյալն է՝ մինչև երկրի կործանումը, նախ պետք է կործանել եկեղեցին, գլխատել հայությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարո Վարդանյանը։

Ըստ նրա, իրավիճակն օրհասական է, և հայ ազգը չպետք է թեթև նայի ու նստած մտածի, թե եկեղեցու դեմ այս փորձությունն էլ կանցնի, պետք է ուղղակի կանգնի եկեղեցու ու Վեհափառի կողքին։

«Այդ մարդը՝ Փաշինյանը, մեր գլխին դարձել է «կոլեկցիոներ», ամիսը մեկ, տկար մեկին ահաբեկելով, համոզելով՝ համադրում է իր «կոլեկցիան»։ Օրինակ, ես էլ ժամանակին այսպես նամականիշներ էի հավաքում, երբ 10 նամականիշս դառնում էր 11, աշխարհով մեկ էի լինում։ Հիմա այս կապիկներինն է, տեսնում ենք սրանց ցնծությունը։ Բայց երբ նայում ենք ճշմարիտ հոգևորականների հայտարարություններին, դրանք տասնյակներով են, նրանք կանգնած են մեր կաթողիկոսի, եկեղեցու կողքին։

Ես մեկ համեմատություն անեմ՝ թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսները, արքեպիսկոպոսներն էլ իրենց դաշտի գեներալներն են, չէ՞։ Մենք ունեցա՞նք նմուշի համար մեկ գեներալ, որ կանգներ ու ընդդիմանար այս թուրքական արշավին, բոլորը հանձնվեցին, բայց մեր որոշ եպիսկոպոսներ, որոնք Վեհափառի ու եկեղեցու կողքին են՝ ավելի հաստատակամ են գեներալներից։

Վստահ եմ, որ այս իշխանությունը դրսից պատվեր ունի, ամեն անգամ հարձակվում է Եկեղեցու վրա, հետո ատամները փշրվում է, դառնում ծաղրի առարկա։ Լինելով աղանդավորական՝ պատարագների է գնում, գիտի, որ չի հաջողելու, բայց ստիպված անում է, որովհետև դրսից պարտավորություն է ստանձնել»,- հավելեց Կարո Վարդանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ներկայիս իշխանություններն այնպես արեցին, որ երկիրը որևէ դաշնակից չունենա, գոնե փաստաթղթերով դաշնակիցներ կային՝ Իրանը, Ռուսաստանը, հետևողականորեն այնպես արեցին, որ ամեն ինչ ոչնչացնեն։ Հետևաբար՝ այսօր հայ ազգը միայնակ է մնացել, եթե որևէ բան պետք է անի, պիտի անի միայնակ։

«Եթե նա ասում է՝ 8 կամ 10 հոգի ունի, և անունը դնում է «եկեղեցու մաքրագործում», խնդրում եմ՝ դիտարկեք այդ 10-ից ցանկացածին, նրանց մեղքի ճանապարհը, օրինակ, Նավասարդ Կճոյանին, նրա ագահությունն ու ունեցվածքը, կամ, օրինակ, Վազգեն Միրզախանյանին, Վրաստանի ծառայությունները հարյուրավոր թղթեր ունեն նրա վերաբերյալ, նրանց բողոքի հիման վրա այս անձին վտարեցին այնտեղից։ Այս 10 հոգուց ցանկացածին վերցրեք, մեր եկեղեցին արդեն իսկ մաքրագործվել է, որովհետև ազատվել է այդ 10 եպիսկոպոսներից»,- ընդգծեց Կարո Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս