«Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Մանուկյանի ձայնային հաղորդագրությունն էլ փաստում է այդ մասին, որ այս ամենն ուղղված է Հայաստանի դեմ». Տաթևիկ Հայրապետյան

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)-ը երեկ հայտնել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին:

Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին կոչ անելուն՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխություն անելով H.R. 9087 օրինագծում (Ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենք)։

Փոփոխությունը, որին աջակցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ։

Այս հայտարարությունն ի՞նչ արձագանք կարող է ստանալ Ադրբեջանում և որքանո՞վ կարող է հայ գերիների ազատ արձակման համար դրական դերակատարում ունենալ։

Կարդացեք նաև

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանը, որպես կանոն, սովորաբար բավականին ագրեսիվ է արձագանքում տարբեր երկրներից հնչող նման կոչերին։

«Այդուհանդերձ փաստը մնում է փաստ, որ եթե մենք ուզում ենք այս թեման պահենք օրակարգում և ինչ-որ պահի ունենանք արդյունք և ինչ-որ պահի ունենանք գերիների ազատ արձակում, ապա միջազգային ճնշումը դրա կարևոր գործիքակազմն է։

Մինչև Սենատի այդ հայտարարությունը, երեկ տեղեկատվություն հրապարակվեց, որ Ռուբեն Վարդանյանի գործով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Որոշումները ԱՄՆ Սենատի կամ այլ երկրների խորհրդարանների մակարդակով՝ քաղաքական կոչեր են, որին զուգահեռ պետք է օգտագործվի միջազգային իրավական գործիքակազմը՝ որպես ճնշման միջոց։

Ադրբեջանը շատ լավ գիտի, որ այս ամբողջ գործը շինծու է, հորինված է, եթե որևէ իրավական ապացույց ունենար մեր գերիների հետ կապված՝ այն բոլոր մեղադրանքների հարցում, որով նրանց մեղադրում է, ապա, վստահեցնում եմ՝ ուղիղ կգնար միջազգային դատարան։ Բայց ինչպես տեսնում եք, ամբողջ դատավարությունը կատարվում է փակ, ներպետական գաղտնի միջոցներով՝ առանց հանրայնացման, քանի որ չկա փաստ ու իրավական գործընթաց»,- 168.am հետ զրույցում ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Ըստ փորձագետի, Ադրբեջանի ղեկավարի նպատակն է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ու պատանդների միջոցով Հայաստանի դեմ ծավալել գործընթացներ, փորձել Հայաստանին մեղադրել Ադրբեջանի դեմ տարբեր հանցագործությունների մեջ։

«Տարբեր հրապարակային աղբյուրներ փաստում են, որ այդ գործընթացների շրջանակներում Հայաստանի դեմ ինչ-որ գումարներ են հաշվել, «պատճառված վնասի» չափեր և այլն։ Միևնույն ժամանակ ամբողջ նպատակն այն է, որ իբր Արցախում մեր ինքորոշման ու ինքնապաշտպանական շարժումը որակեն՝ որպես «ահաբեկչություն»։

Այսինքն, Ադրբեջանի տրամաբանությունը հետևյալն է՝ եթե մեզ կոտորում է, մենք չպետք է դիմենք ինքնապաշտպանության, որովհետև այդ դեպքում նշանակում է, որ «ահաբեկիչներ» ենք։ Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Մանուկյանի ձայնային հաղորդագրությունն էլ փաստում է այդ մասին, որ այս ամենն ուղղված է Հայաստանի դեմ, ինչի մասին խոսել ենք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ արդյոք ՀՀ իշխանությունը պետական մակարդակով որևէ աջակցող քայլ կանի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայտարարությանը, թեկուզ միջազգային տարբեր հարթակներում հարցը բարձրացնելով, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց՝ հայկական կողմը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, եթե նախկինում առնվազն իմիտացիա էր անում, թե թեման օրակարգում է պահում կամ տարբեր գործընկերների հետ խոսում է, ապա այսօր դա էլ չկա։

«Եթե հիշում եք, այս տարվա մայիսին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները եկան Երևան։ Այդ հանդիպումներից առաջ նրան լրագրողները հարցեր ուղղեցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է այդ պաշտոնյաների հետ գերիների հարցը քննարկել, պատասխանը բացասական էր եղել, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ հարցը համարում է հայ-ադրբեջանական երկկողմ օրակարգի մաս։

Եթե նա խոչընդոտներ չստեղծի, վստահաբար այդ քայլերը չի ողջունելու»,- շեշտեց Տաթևիկ Հայրապետյանը։

Փորձագետը վստահ է՝ գերիներին հայրենիք վերադարձնելու համար աշխատանքները պետք է կատարվեն մի քանի ուղղություններով։ Նախ, այս խնդիրը պետք է մնա Հայաստանի ներքին օրակարգի կարևոր հարցերից մեկը։

Այսինքն՝ երբ ամեն անգամ խոսվում է խաղաղության մասին, այդ թեման պետք է հստակ դրվի։

«Սփյուռքի մեր կառույցները, միջազգային իրավապաշտպանները մեծ անելիք ունեն, ցավոք, բեռն ամբողջովին նրանց վրա է մնում։ Նույն Ռուբեն Վարդանյանը բավականին հայտնի է Սփյուռքում, Աստված ոչ անի, եթե նման իրավիճակում հայտնվեր մեկ այլ ճանաչված գործիչ, Ռուբեն Վարդանյանն ակտիվ աշխատանք կծավալեր։ Այդ հարցը պետք է ընկալել՝ որպես պատվախնդրության հարց»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031