Ո՞ւմ է ձեռնտու Պաշտպանության նախարարության թիրախավորումը, ո՞վ է որոշել բանակում դեպքերի «մատուցման նոր քաղաքականությունը» և ինչո՞ւ
Հունիսի 27-ին մեր՝ «Ինչո՞ւ են 2025 թվականի համեմատ բանակում մահվան դեպքերը շատացել, ինչո՞ւ են ՊՆ-ն և ՔԿ-ն դարձել առավել գաղտնապահ» վերտառությամբ հոդվածում ներկայացրել էինք տարվա սկզբից մինչ այդ պահը բանակում արձանագրված մահվան դեպքերը: Նաև նշել էինք, որ վերջին ամիսներին այս հարցում Պաշտպանության նախարարությունը և Քննչական կոմիտեն դարձել են առավել գաղտնապահ. պաշտպանական գերատեսչությունը որոշ դեպքերում հաղորդագրություն չի տարածել, իսկ Քննչական կոմիտեն գաղտնի է պահում զինվորի մահվան նախնական հանգամանքներն ու վարկածները, եթե անգամ դրանից բավականին ժամանակ է անցել:
Վերջին թարմ դեպքը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հուլիսի 21-ին արձանագրված ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ»:
Մեր արձագանքին՝ անհարգալից վերաբերմունք է, երբ զինվորի անուն-ազգանունը չի նշվում, կարճ ժամանակ անց Քննչական կոմիտեի նախագահի խոսնակը գրառման մեջ ավելացրեց մահացած զինվորի անվան և ազգանվան սկզբնատառերը: Հնարավոր է, որ այդ ընթացքում նաև պաշտպանական գերատեսչությունից են արձագանքել դրան, թեև Սուրեն Պապիկյանի կառույցը լավ կաներ անձամբ պատշաճ հաղորդագրություն տարածեր:
Ինչևէ, միաժամանակ, Քննչականից պնդեցին, թե իրենք երբեք նման դեպքերում զինվորի կամ զինծառայողի ամբողջական անուն-ազգանունը չեն տվել: Սա, իհարկե, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ եղել են դեպքեր, երբ նշվել են, եղել են դեպքեր՝ չեն նշվել, այլ հարց է, որ դրանց նախորդել են Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները:
Բայց փաստ է՝ մինչ վերջերս հնարավորինս և թույլատրելի պատշաճ տեղեկություն է տրամադրվել՝ առնվազն ինչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել:
Մինչդեռ վերջին շրջանում «խղճուկ» և հանելուկային հաղորդագրություններ են տարածում Քննչական կոմիտեից, այդ թվում՝ վերջին դեպքում:
Թեև պատասխանը կռահելի էր, մենք, ամեն դեպքում, այս անգամ ևս փորձեցինք Քննչական կոմիտեից պարզել՝ ի՞նչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել զինվորի մահվան վերջին դեպքի առթիվ, ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը սահմանափակվեց՝ ասելով. «Քննչական կոմիտեն այս պահին երեկվա գրառումից ավել ոչ մի մեկնաբանություն չունի»:
Իսկ armlur.am-ը գրել է, որ զինվորն ինքնասպան է եղել, ինչից առաջ ծեծի է ենթարկվել:
Նույն ժամանակում Հայ-Ռուսական համալսարանը հայտարարություն է տարածում՝ տեղեկացնելով, որ մահացած զինվորն իրենց ուսանողն էր՝ Նարեկ Թորոսյան: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասում:
Այսինքն, ակնհայտ է, որ վերջին ամիսներին ՀՀ պաշտպանության նախարարությունը և Քննչական կոմիտեն որոշակի առումով գործելաոճ են փոխել:
«Այս տեսակ հանցագործություններով, առհասարակ, վերջին երկու տարվա ընթացքում մեր մեկնաբանությունները շատ հակիրճ են, կոնկրետ են՝ վարույթի շահի տեսանկյունից շատ ճիշտ են»,- մեզ հետ զրույցում շեշտեց ՔԿ նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նախ՝ ինչ կոնկրետության մասին կարող է խոսք գնալ, եթե նշվում է՝ քրեական վարույթ է նախաձեռնվել, և չի ասվում՝ ինչ հոդվածով, կրկնում ենք, այն, ինչ ամիսներ առաջ ասվում էր: Խոսքը սրա մասին է. Քննչական կոմիտում կարող են թերթել վերջին երկու տարվա սեփական հաղորդագրությունները և համոզվել սրանում:
Պարզ է, որ հավելյալ տեղեկությունները միշտ էլ հանրայնացվել են՝ վարույթի շահից ելնելով և ըստ անհրաժեշտության, թե ինչն է դրդել, օրինակ, զինվորին ինքնասպանության, ով է դրդել, և այլն:
Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաղորդագրություն չտարածելուն, հատկապես, երբ խոսքը ժամկետային զինծառայողի մասին է, սա էլ այլ խոսակցության թեմա է, որի պատճառը հայտնի չէ, և կարող ենք միայն ենթադրություններ անել: Սրանից հաստատ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա ղեկավարած կառույցը չի շահում:
Պետք է ամեն ինչ անել, որ բանակը և նրա ղեկավարությունը պակաս խոցելի լինի, հատկապես, երբ որոշ ժամանակ Պաշտպանության նախարարությունը շատ պատշաճ աշխատել է այս հարցում, և Սուրեն Պապիկյանն իր ընդդիմախոսներին վստահեցնում էր, որ իրենք ոչ մի դեպք չեն թաքցնում, և բոլոր դեպքերի մասին հաղորդագրություն տարածվում է: Արդյո՞ք պետք են ավելորդ կասկածներ, իրենց նշած, հաստատված խաղաղության պայմաններում:
2026 թվականի հունվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ 2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք մահվան 6 դեպք, որից 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, 2-ն էլ՝ առողջական խնդիրներով պայմանավորված, այսինքն, սպանության դեպք չի եղել:
Սակայն Գլխավոր դատախազը 2025 թվականին ԱԱԱ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայողի մահվան դեպքը ներկայացրել էր այնպես, որ տպավորություն էր ստեղծվել, թե դրանք էլ են Սուրեն Պապիկյանի պատասխանատվության ներքո, մինչդեռ, ինչպես նշեցինք՝ դրանում առկա է ԱԱԾ տնօրենի և Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը, իհարկե, նաև՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի: Թվում է՝ մանրուք է, բայց արդյո՞ք նման մանրուքները Նիկոլ Փաշինյանը չի նկատում:
Իսկ այս տարվա սկզբից մինչ այս պահը՝ հուլիսի 22-ը, բանակում արձանագրվել է 9 մահ, այդ թվում՝ ինքնասպանություն, սպանություն:
Հ.Գ. Գլոբալ առումով, բոլոր բանակներում լինում են մահվան դեպքեր, ասել, որ բանակում բացառվում են ոչ կանոնադրական հարաբերությունները, ինքնասպանությունները, հնարավոր չէ: Բայց սա չպետք է արդարանալու առիթ լինի: Պետք է հասկանալ՝ որոնք են բանակում ինքնասպանության, սպանության հիմնական պատճառները, ինչ արժեհամակարգի կրող են այսօրվա երիտասարդ սպաները, հատկապես, երբ այսօր ամեն առիթի հայտարարում են, որ այսօրվա սպան առավել գրագետ է և կիրթ: Պետք է հասկանալ՝ ով է այսօրվա զինվորի հերոսը, ինչ խնդիր է նա իր առջև դնում, ինչ խնդիր է նրա առջև դրվում, արդյո՞ք, ըստ էության, գնդերեցների դուրսբերումը բանակից ունեցավ իր թեկուզ չնչին ազդեցությունը առկա պատկերի վրա, և այլն:
Եվ չպետք է մատնացույց անել նաև այն, որ ԱՄՆ-ի բանակը, օրինակ, փակ է: Հայաստանն ԱՄՆ չէ, հատկապես, երբ այդ դեպքերը գաղտնի չեն մնում, ուստի ճիշտ է, որ պետական կառույցներն այս դեպքում պատշաճ աշխատեն: Չմոռանանք, որ ՔՊ-ական պատգամավորներից մեկն առաջարկում էր օրենք սահմանել, որ պաշտոնական տեղեկատվությանը հակադրվելու դեպքում լրատվամիջոցը պատասխանատվության ենթարկվի, որին առնվազն չէր ընդդիմացել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Իսկ ի՞նչ անել, երբ պետական կառույցը հաղորդագրություն չի տարածում…

