«Դեռ սպասեք, տեսեք, թե ազգի գլխին ինչեր են բերելու թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները». Գագիկ Համբարյան
Նիկոլ Փաշինյանն այսօր ինքնաթիռից տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստին, տեսանյութին կից նա նաև գրել է, որ նախապատրաստում է իր ելույթը ՄԱԿ-ում։
ՄԱԿ բարձր ամբիոնից արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարձագանքի Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, անդրադարձ կկատարի՞ Բաքվում ապօրինի պահվող գերիների խնդրին։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ ովքեր կարծում են, թե այդ հարցերին Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա, ուրեմն՝ չափից ավելի լավատես են։
«Այդ մարդը շատ պարզ հայտարարում է, որ Բաքվից հնչող մեղադրանքներին չի արձագանքելու, որպեսզի չխաթարի խաղաղության գործընթացը, ասում է՝ «Եթե մենք ամեն ինչին արձագանքենք, ապա պատերազմ կլինի»։ Նա բացահայտ ասում է, որ հայ ազգը հլու-հնազանդ պետք է ենթարկվի Բաքվից հնչող մեղադրանքներին, հեգնանքներին, և վերջ։ Այդ ամենը նա համարում է խաղաղության գործընթաց, իսկ մենք տեսնում ենք դրա բացասական կողմը։ Տեսում ենք, որ որքան Հայաստանը պետական մակարդակով չի արձագանքում իր հասցեին հնչող մեղադրանքներին, այնքան Ադրբեջանը լկտիանում է։
Ընդ որում, Բաքվից հայկական կողմի հասցեին տարբեր մեղադրանքներ են հնչում, երեկ էլ Ալիևը Հայաստանին մեղադրել է Արցախը «թալանելու» մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա, Հաջիևը Հայաստանին ծաղրում էր, թե «պատմություն չունեն, Գանձասարում դատարկ գրքեր են թողել», սակայն այս ամենին Հայաստանի իշխանության կողմից որևէ արձագանք չեղավ։
«Դուք դեռ սպասեք, տեսեք, թե ազգի գլխին ինչեր են բերելու թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները։
Բացառվում է, որ ՄԱԿ-ի ամբիոնից գերիներին անդրադարձ կլինի, կլսեք միայն Ալիևին գովերգող խոսքեր։ Չե՞ք տեսնում, գնում է Գերմանիայում ինչ-որ 3-4-րդ կարգի մրցանակ է ստանում, ասում է՝ «Ալիևն էլ է արժանի այս մրցանակին»։ Գերիների հարցը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հայ-ադրբեջանական հարաբերությունները «թունավորող» հարց է, նա բացարձակ նպատակ չունի այդ խնդրին անդրադառնալու։
ՄԱԿ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից կլսեք միայն, որ Հայաստանի նման դեմոկրատական երկիր գոյություն չունի Հարավային Կովկասում, և իր նախաձեռնած «խաղաղության օրակարգը» մտնում է եզրափակիչ փուլ»,- շեշտեց քաղաքագետը։
Այդ համատեքստում նա հիշեցրեց՝ «խաղաղության օրակարգ» կոչվածին Բաքուն ցուցաբերում է բացարձակ անհետաքրքրություն, և որքան ՀՀ ղեկավարը չի արձագանքում Բաքվից հնչող ծաղրուծանակին, այնքան դրանց մասշտաբները մեծանալու են։
«Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Նիկոլին «այծ» է անվանել և ծաղրելով սպառնացել, որ չլողանա իրենց Գեյչայում։ Իր գրառումն այդ մարդը համեմել է տարածքային պահանջներով ՀՀ-ի նկատմամբ։ Հայաստանից արձագանք լսեցի՞ք, խելք ունեցող մարդիկ հասկանում են, որ Զուլֆուգարովը պատահական որևէ բան չի գրում, մինչև Ադրբեջանի նախագահի աշխատակազմից համապատասխան հանձնարարություն չստանա»,- նշեց Գագիկ Համբարյանը։
Նշենք, որ Կառավարության կայքում հրապարակվել էր, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:

