Ժողովուրդը ոտքի կկանգնի սոցիալական դժգոհության ֆոնին… սարսափում եմ մտածել, որ այդ սանկցիաները կարող են ուժի մեջ մտնել. Մեխակ Մխիթարյան
«Հայաստանում համապետական ընտրություններին նախորդող նախընտրական ամբողջ ընթացքում տեղի ունեցան այնպիսի գործընթացներ, որոնք անհամատեղելի են մեր իրավական համակարգի, արդարադատության հետ։ Երկրում ինչ-որ իրավական վակխանալիա է տիրում, անշուշտ, այս գործընթացներն իրենց ազդեցությունն ունեցան ընտրությունների արդյունքների վրա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանը՝ խոսելով համապետական ընտրությունների արդյունքների, հանրության շրջանում տիրող տրամադրությունների և իշխանափոխության նախադրյալների մասին։
Ըստ նրա, մասսայական ձերբակալություները, անհիմն մեղադրանքներն ընդդիմադիր գործիչների, նրանց համակիրների նկատմամբ ընտրություններում տվեց այն արդյունքը, որին ականատես եղան բոլորը։ Միայն այն փաստը, որ առանց իրավական փաստաթղթերի հարյուրավոր մարդիկ կալանավորվել ու ձերբակալվել են՝ արդեն իսկ խոսում էր նման արդյունքի մասին։ Հետևաբար՝ այդ մթնոլորտում ընտրությունների անցկացումը պետք է տար այն պատկերը, որն այսօր կա։
«Մենք այլ արդյունք չէին կարող արձանագրել, քան իշխանությունների, այսպես ասած՝ «պյուռոսյան հաղթանակը»»,- հավելեց Մեխակ Մխիթարյանը։
Նրա կարծիքով՝ այս փուլում իշխանափոխություն իրականացնելու համար դեռևս նախադրյալներ չկան, Հայաստանում այսօր սահմանադրականությունը մահացած է, Սահմանադրությունը դարձրել են մի թուղթ, որի մասին ամոթ է խոսել:
«Սահմանադրությունը դարձրել են հոգեվարքի մեջ գտնվող մի փաստաթուղթ, որը որևէ ձևով չի պահպանում, պաշտպանում մարդկանց իրավունքները, ցանկությունները։ Սահմանադրական դատարան կոչված կառույցը դարձել է միանձնյա, միապետության ձեռքի գործիք, որն օգտագործվում է միայն ընդդիմության, ողջամտության դեմ։ Սահմանադրությունն այսօր որևէ կերպ չի կարողանում պահպանել մեր երկրի բնականոն ընթացը՝ թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքին քաղաքականության մեջ, որևէ երաշխիք չի տալիս։ Դրա համար այսօր օրինական ճանապարհով որևէ ուղի չեմ տեսնում։
Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա այստեղ էլ իշխանությունը շարունակում է պահպանել վախի ու սարսափի մթնոլորտը՝ արդարադատություն կոչված համակարգի միջոցով։ Ստացվում է այնպես, որ այս երկրում հարցերի լուծումը որևէ արդար ճանապարհով դառնում է անհնարին։ Դրա համար ես մի քիչ հոռետեսական տրամադրություն ունեմ և չեմ կարծում՝ որևէ ձևի պայքար՝ լինի փողոցային պայքար, թե ԱԺ-ում, կարող է արդյունք տալ»,- հավելեց մեր զրուցակիցը։
ԳԽ նախկին պատգամավորը նկատեց՝ արտաքին քաղաքականության ոլորտում առաջիկայում հայ ազգին սպասվում են շատ լուրջ փորձություններ, հնարավոր է նաև ՌԴ-ի տնտեսական սահմանափակումների հետ կապված զարգացումներ լինեն, ինչը կարող է առաջացնել հայ ժողովրդի ցասումը։
«Ժողովուրդը ոտքի կկանգնի սոցիալական դժգոհության ֆոնին, թերևս, սոցիալական դժգոհության հողի վրա կարող է աշնանը տեղի ունենան բռնկումներ, մասսայական ընդվզումներ։ Թե չէ այս կամ այն ընդդիմադիր ուժին ճնշելու, ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին դրսևորվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, բան չի փոխելու, մենք չգիտենք էլ՝ առաջիկայում մյուսների նկատմամբ ինչ է անելու։
Միայն սոցիալական դժգոհության ֆոնին այդ ալիքը կբարձրանա։ Այսինքն՝ այդ սոցիալական բունտի հավանականությունը կա՝ գազի, լույսի վարձավճարների թանկացման հետ կապված, չեմ բացառում նաև ատոմակայանի նկատմամբ ՌԴ-ի կողմից սանկցիաներ կիրառվեն։ Կամ, օրինակ, այրված ուրանի տեղափոխման հետ կապված, որն իրականացնում է Ռուսաստանը։
Նույնիսկ սարսափում եմ մտածել, որ այդ սանկցիաները կարող են ուժի մեջ մտնել։ Ինչ կլինի, եթե, օրինակ, դադարեցնեն ուրանի մատակարարումը կամ այրված ուրանի տեղափոխությունը համապատասխան վայրեր, և դա հանկարծ մնա Հայաստանում։ Ինքս ատոմակայանի շինարարության ղեկավարն եմ եղել, նրբութունները գիտեմ»,- ընդգծեց Մեխակ Մխիթարյանը։

