Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 21-ին ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր) հանդես կգա իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման գալա համերգով։
Բացօթյա համերգի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու դասական երաժշտության գլուխգործոցներ, ինչպես նաև նվագախմբի ամենասիրված սիմֆոնիկ ծրագրերից ընտրված ստեղծագործություններ։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ծրագիրն ունի ժանրային հարուստ բազմազանություն. ընդգրկված են Դմիտրի Շոստակովիչի, Պյոտր Չայկովսկու, Մորիս Ռավելի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում կհնչեն նաև հայտնի ժամանակակից մշակումներ՝ System of a Down-ի Aerials, Led Zeppelin-ի Kashmir, Մայքլ Ջեքսոնի Earth Song և Billie Jean ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ավանդական Քոչարի և Յարխուշտա պարեղանակները՝ Սերուժ Պաղտասարյանի (C-Rouge) մշակմամբ։ Գործիքավորումները՝ Մարտին Ուլիխանյանի։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի եզրափակիչ համերգը խոստանում է դառնալ երաժշտական տոն երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար։ Մուտքն ազատ է։

