Չենք կարող բացառել, որ ՌԴ-ն կգնա Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական վատթարացման. Քաղաքագետ
Հունիսի 7-ին՝ Հայաստանում համապետական ընտրությունների օրը, Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց հետո ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ։ Ճեպազրույցի ժամանակ նա անդրադարձել էր նաև Ռուսաստանի հետ, այսպես ասած, լարված հարաբերություններին և դիտարկմանը, որ ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանում ՀՀ-ի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ նման խնդիրներ մշտապես լինում են, այլ բան, որ հիմա դրանք լուսաբանվում են:
«Այսինքն՝ լուսաբանվում է Հայաստանում գործող՝ ձեզ հայտնի ուժերի շրջանակների հետաքրքրվածության բերումով, ծախսերով և այլն: Աշխատանքային հարցեր ԵԱՏՄ-ի հետ կապված, ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, այլև բոլոր երկրների մեջ էս կարգի աշխատանքային հարցեր լինում են:
Ամեն անգամ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում տասնյակ հարցեր ենք քննարկում, որոնք կապված են նման երևույթների հետ՝ ֆիտոսանիտարական հարցերի, ստանդարտների, արտահանումների, վերաարտահանումների, ապրանքների ծագման հետ կապված խնդիրներ, որովհետև ԵԱՏՄ բոլոր երկրներն անհանգստացած են, որ չլինի էնպես, որ երրորդ երկրների ապրանքները ներկրվեն ԵԱՏՄ երկիր, դառնան ԵԱՏՄ ապրանք և վերաարտահանվեն ԵԱՏՄ ուրիշ երկիր»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Ընտրություններից հետո ի՞նչ հեռանկար ունեն հայ-ռուսական հարաբերությունները, հնարավո՞ր է՝ ՀՀ իշխանությունը գործնական քայլերի դիմի ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ կապված։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովի գնահատմամբ՝ այս պահին հայկական կողմից փորձ է արվում մեղմացնել լարվածությունը, այսինքն՝ տեղի է ունենում ձգտում փոխադարձ շփումների հնարավորինս բարձր մակարդակում, զուգահեռ՝ հռետորաբանության որոշակի նվազեցում կա։
«Հետաքրքիր է, որ Ալեն Սիմոնյանը լքում է ԱԺ նախագահի պաշտոնը, որովհետև նա գլխավոր խոսնակներից մեկն էր, որը մշտապես հակառուսական հայտարարություններ էր անում։ Իհարկե, Ալեն Սիմոնյանը միակ չէ, և ներքին դաշտում իշխանությունները հանրությանը փորձում են ներկայացնել, որ այն խնդիրները, որոնք կառավարելի են շփումների ընթացքում, ինչ-որ կերպ կլուծվեն և այլն։
Իսկ ռուսական կողմից մենք տեսնում ենք, որ մի կողմից՝ հարաբերությունների խորացում տեղի չի ունենում, չի խորացվում նաև Հայաստանի դեմ տնտեսական այդ սահմանափակումները, և մյուս կողմից էլ՝ Հայաստանի հետ շփումների գնում է, սակայն ցածր մակարդակի վրա, քանի որ մենք տեսանք, որ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպում տեղի չունեցավ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունովը։
Ըստ քաղաքագետի, այս գործընթացներում որոշ առումով անհասկանալի են Ռուսաստանի քայլերը, այսինքն՝ այն ճգնաժամը, որը մի քանի ամիս առաջ սկսվեց, նպատակ ուներ ՀՀ իշխանությունների վրա ճնշո՞ւմ գործադրել, թե՞ այստեղ խոսքը վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների երկարաժամկետ, հետևողական վատթարացմանը, և արդյո՞ք այս միտումները կշարունակվեն։ Այս հարցերի պատասխանները տվյալ պահին չկան։
«Կարծում եմ՝ երկու տարբերակն էլ չի կարելի բացառել, քանի որ նախկինում էլ նման լարվածություն եղել, որոնք ինչ-որ կերպ հարթվել են, բայց հիմա չենք կարող բացառել, որ Ռուսաստանը կգնա հարաբերությունների հետևողական վատթարացման, որովհետև Ռուսաստանն առանց Հայաստանի կկարողանա դիմանալ։
Հայ-ռուսական հարաբերություններում կարող է լինել նաև երրորդ տարբերակը, այսինքն՝ կարող են այս հարաբերությունները նման սառած վիճակում երկար ժամանակ մնալ»,- հավելեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, Դավիթ Հարությունովն ասաց, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար շատ կարևոր կառույց է տնտեսական առումով, հետևաբար՝ Հայաստանի տնտեսությունը կունենա անկանխատեսելի հետևանքներ, եթե դուրս մնա կառույցից։ Թեպետ այս պահին Հայաստանն իր նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ից դուրս չի գա, ավելին՝ իշխանությունն ասում է, որ շահագրգռված է աշխատանքով, և փորձում են լարվածությունը հարթել։
«Թե ինչ կանի ռուսական կողմը՝ դժվար է ասել։ ՀԱՊԿ-ի առումով էլ Հայաստանն այս պահին շատ բաներ կառույցից չի ստանում, տևական ժամանակ է՝ մեր երկրի ակտիվությունն այդ կառույցում սառեցված է։ Այդ պատճառով էլ չեմ բացառում, որ Հայաստանը դուրս գա կառույցից։ Միաժամանակ կարծում եմ՝ կառույցը թողնվել է հետագա «առևտրի» համար, այսինքն՝ եթե հայ-ռուսական հարաբերություններն ինչ-որ փուլում բարելավվեն, ապա Հայաստանը ՀԱՊԿ-ում կսկսի ակտիվանալ»,- ընդգծեց Դավիթ Հարությունովը։

