Բանագնացի փոփոխություն՝ առանց գործընթացի փոփոխության. ի՞նչ է սպասվում հայ-թուրքական երկխոսությանը

Ձևավորվելիք Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին «Քաղաքացիական պայմանագիր»-ը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորվող Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրեց անցած շաբաթ:

«Քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել»,- հայտարարեց այսօր Ռուբինյանը: Նա նաև նշեց, թե որքանով տեղյակ է՝ դեռ հայտնի չէ, թե ով կփոխարինի իրեն՝ որպես հայկական կողմի բանագնաց։ «Բայց վարչապետն ու կառավարությունը կքննարկեն»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Ի դեպ, ուշագրավ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն օրերս շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին։ Քըլըչն X-ի միկրոբլոգի էջում գրել էր․

Կարդացեք նաև

«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վերջին չորս տարիների ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն։ Մաղթում եմ նրան շարունակական հաջողություններ իր նոր պաշտոնում»։ Անդրադառնալով այս շնորհավորանքին, Ռուբինյանն ասել էր, թե ինչո՞ւ պետք է Քըլըչը չշնորհավորեր իրեն, նույն ձևով ստացել է շնորհավորանքներ Ռուսաստանից և այլ տեղերից։

Ռուբեն Ռուբինյանի հեռանալը հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պաշտոնից, ըստ էության, հնարավորություն է տալիս վերագնահատելու վերջին տարիներին ձևավորված բանակցային հարթակի իրական արդյունավետությունը։ Չնայած այս ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ, հրապարակվեցին համատեղ հայտարարություններ և պահպանվեց երկխոսության արտաքին դինամիկան, գործընթացն այդպես էլ չվերածվեց արդյունքի հանգեցնող բանակցությունների։

Եվ ամենակարևորը՝ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ, թեև թուրքական կողմը ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությամբ պայմանավորված՝ չունի որևէ քաղաքական պատճառ այն փակ պահելու։ Եվ վերջին շրջանում թուրքական կողմը սահմանի փակ լինելու հանգամանքը բացատրում է պարզապես տեխնիկական նախապատրաստական գործընթացներով։ Սակայն Թուրքիայի ռեգիոնալ քաղաքականությամբ զբաղվող վերլուծաբանները հստակ գիտեն, որ Թուրքիայի դանդաղկոտությունը պայմանավորված է պարզապես Ադրբեջանի հետ համակարգմամբ։

168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ այդ հարթակը խնդիրը լուծում էր այնքանով, որ ցույց էր տալիս, որ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են, սակայն խնդիրը նույնիսկ ոչ այնքան բանակցողների անձերն են, որքան գործընթացը, դրա կառուցվածքն ու առկա ռեգիոնալ մի շարք առանցքային իրողությունները։ Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների առանցքային որոշումները կայացվում են ոչ թե հատուկ ներկայացուցիչների մակարդակում, այլ Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից, որն իր հերթին՝ այդ հարցը հետևողականորեն կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հետ։

«Անկարան երբեք չի թաքցրել, որ Երևանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումը դիտարկում է Բաքվի հետ համակարգման շրջանակում՝ փաստացի հրաժարվելով ինքնուրույն օրակարգ ձևավորելու հնարավորությունից։ Այս պայմաններում հատուկ ներկայացուցիչների ձևաչափն աստիճանաբար վերածվեց քաղաքական հաղորդակցության, այլ ոչ թե իրական բանակցությունների գործիքի։ Այն ապահովում էր շփումների շարունակականությունը, սակայն չէր ստեղծում այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ հաղթահարել հիմնական քաղաքական հակասությունները։ Փաստացի, ձևավորվեց մի գործընթաց, որտեղ պահպանվում էր բանակցությունների տեսանելիությունը, բայց բացակայում էին դրանց արդյունք ապահովող նախադրյալները»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նրա խոսքով, Անկարան շարունակում է հայ-թուրքական օրակարգը պայմանավորել բացառապես հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքով, ինչը նշանակում է, որ Հայաստանի նոր հատուկ ներկայացուցչի նշանակումն ինքնին չի փոխի գործընթացի էությունը։ Այսինքն, նրա կարծիքով, փոխվելու է միայն բանակցողը, մինչդեռ բանակցային տրամաբանությունը կմնա նույնը՝ պահպանելով երկխոսության իմիտացիան՝ առանց քաղաքական բեկման իրական հնարավորության։

Նա նշեց, որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը վերջին տարիներին առավել շեշտակիորեն կառուցվում է «մեկ տարածաշրջան՝ մեկ ռազմավարություն» սկզբունքի վրա, որտեղ Հարավային Կովկասը դիտարկվում է ոչ թե առանձին ուղղություն, այլ թուրք-ադրբեջանական միասնական աշխարհաքաղաքական տարածության բաղկացուցիչ։

Ուստի, ըստ Վիկտոր Նադեին-Ռաևսկու՝ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի առանձնացրել Ադրբեջանի շահերից և շարունակել է այն դիտարկել որպես Բաքվի հետ գործընկերության տրամաբանական շարունակություն։

Նրա գնահատմամբ, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է մնալ պայմանական, յուրաքանչյուր կարևոր քայլ գնահատվում է Ադրբեջանի հետ համակարգման համատեքստում, իսկ միայն դրանից հետո՝ հայ-թուրքական երկկողմ օրակարգի տեսանկյունից։

Այս իրողությունը նշանակում է, վերլուծաբանի խոսքով, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է մնալ ոչ թե ինքնուրույն արտաքին քաղաքական ուղղություն, այլ ավելի լայն տարածաշրջանային հաշվարկների գործիք։

«Անկարան ձգտում է պահպանել ազդեցության լծակները Հարավային Կովկասում՝ միաժամանակ ամրապնդելով սեփական դիրքերը՝ որպես տարածաշրջանային ուժ։ Հետևաբար, քանի դեռ Թուրքիան չի վերանայում Հայաստանի նկատմամբ իր քաղաքականության հիմնարար մոտեցումները և չի տարանջատում հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից, դժվար է ակնկալել, որ նույնիսկ բանակցային ձևաչափերը կկարողանան ապահովել այլ արդյունք»,- նշեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031