Ի՞նչ են քննարկել ՊՆ-ում և ինչո՞ւ է Սուրեն Պապիկյանը խուսափում կոնկրետ պատասխաններից

Մարտի 7-ին՝ «Սուրեն Պապիկյանի կրոնաքաղաքական կաշկանդվածությունը. «անհարմար» հարցեր՝ ԶՈւ հոգևոր ծառայության «կերպափոխման» մասին» վերտառությամբ հոդվածում գրել էինք, որ փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված մեր գրավոր հարցումը (ինչի համար հիմք է ծառայել հունվարի 30-ի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը) մեկ ամիս անց մնացել է անպատասխան:

Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում հստակ նշված է, որ՝ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում»:

Պաշտպանության նախարարությունը հարցմանը պատասխանելու համար մեզանից լրացուցիչ ժամանակ խնդրել էր:

Իսկ գրավոր հարցումը ներառում է հետևյալ հարցադրումները՝

Կարդացեք նաև

– ՀՀ Պաշտպանության նախարարությունում հրավիրվե՞լ է գնդերեցների մասնակցությամբ խորհրդակցություն, ե՞րբ է այն տեղի ունեցել, ովքե՞ր են եղել ներկա ԶՈՒ հոգևոր ծառայությունից, և ովքե՞ր՝ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմից, ինչի՞ համար է այն հրավիրվել, ի՞նչ է քննարկվել: Կամ՝ եթե նման խորհրդակցություն հրավիրվել է, արդյո՞ք դրան ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը, գեներալ Արտակ Բուդաղյանը, և արդյո՞ք փորձ է արվել ստուգել գնդերեցների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցին «բարենորոգելու» կրոնաքաղաքական շարժման վերաբերյալ:

– ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ժամանակ և դրանից առաջ խնդիրներ առաջացրե՞լ է բանակում գնդերեցների երկակի ենթակայությունը և կոնկրետ ի՞նչ խնդիր: Եվ այսուհետ, կարո՚՞ղ ենք ասել, որ գնդերեցների վրա տարածվելու է ԶՈւ կանոնագիրքը, ի՞նչ օրենսդրական, կանոնագրքային, կանոնադրական փոփոխություններ է ենթադրում բանակում հոգևոր ծառայության բնույթի փոփոխությունը:

– Եվ քանի որ գնդերեցներին առաջարկվում են զինվորական պաշտոններ և սպայական կոչումներ, նրանք նույնպե՞ս ատեստավորվելու են, ի՞նչ չափորոշիչներով:

– Արդեն հստա՞կ է՝ այսուհետ գնդերեցների հոգևոր ծառայությունն ի՞նչ է ենթադրելու, արդյո՞ք նախկինի համեմատ՝ նրանց ծառայողական պարտականությունները փոփոխությունների են ենթարկվելու, և ի՞նչ փոփոխությունների:

Մեր հոդվածի հրապարակումից 3 օր անց ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշում է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ պատասխան գրություն ուղարկել, որտեղ նշվում է.

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված 2026 թվականի փետրվարի 6-ի Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ մինչև սույն թվականի փետրվարի 1-ը գնդերեցների մասնակցությամբ տեղի են ունեցել տարատեսակ ծառայողական խորհրդակցություններ:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ձեր 2-րդ, 3-րդ, 4-րդ հարցադրումներին»:

Այսինքն, Սուրեն Պապիկյանը չի հերքել մեր հարցման մեջ առկա տեղեկությունը ՊՆ-ում հրավիրված հանդիպումների և դրա բովանդակության մասին:

Ինչ վերաբերում է մյուս հարցադրումներին, մենք վերևում հիշատակված հոդվածում նշել ենք, որ գրավոր հարցում ենք ուղարկել, որովհետև դեռևս տարընթերցումներ և կասկածներ կային՝ թե՛ ՊՆ-ում հանդիպման բովանդակության, թե՛ բանակում երկակի ենթակայությունը բացառելու պատճառների, թե՛ նոր կարգավիճակում գնդերեցների պարտականությունների, աշխատավարձի և նրանց ատեստավորման-չատեստավորման հետ կապված:

Այսինքն, ճեպազրույցի ընթացքում հստակ պատասխաններ չեն հնչել, ավելին՝ այնտեղ չեն տրվել այն հարցերը, որոնք առկա են մեր գրավոր հարցման մեջ:

Օրինակ, Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ժամանակ և դրանից առաջ խնդիրներ առաջացրե՞լ է բանակում գնդերեցների երկակի ենթակայությունը և կոնկրետ ի՞նչ խնդիր, և այսուհետ, կարո՚՞ղ ենք ասել, որ գնդերեցների վրա տարածվելու է ԶՈւ կանոնագիրքը, ի՞նչ օրենսդրական, կանոնագրքային, կանոնադրական փոփոխություններ է ենթադրում բանակում հոգևոր ծառայության բնույթի փոփոխությունը: Ճեպազրույցում չի խոսվել նաև այն մասին, թե արդյո՞ք ատեստավորման գործընթացը տարածվելու է զինվորական կարգավիճակում ծառայող գնդերեցների վրա, և ի՞նչ չափորոշիչներ են կիրառվելու:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը ժամկետի խախտմամբ ուղարկած իր պատասխան գրության մեջ մեր հարցերի պատասխանը դե յուրե և դե ֆակտո չունենալու փաստը փորձել է փրկել՝ հղում անելով փետրվարի 6-ի Սուրեն Պապիկյանի ճեպազրույցին: Անհաջող փորձ է, մեղմ ասած:

Իսկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ինչ է ասել Պաշտպանության նախարարը:

«Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը»,- նշել էր Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն:

Իսկ մենք փորձել էինք պարզել՝ բանակում երկակի ենթակայությունը ո՞ր պահից կամ ժամանակահատվածից է խնդիրներ առաջ բերել, և կոնկրետ ի՞նչ, ի վերջո, միայն Սուրեն Պապիկյանը 2021 թվականի նոյեմբերի 15-ից այս պաշտոնին է:

Լրագրողները նաև հետաքրքրվել էին, որ կարգալույծ հոգևորականներին առաջարկվում են պաշտոններ, այսինքն՝ 700.000 դրամ աշխատավարձով գնալ և գնդերեց աշխատել, ինչին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն ասել էր.

«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց նախարարի հրամանը, որը մենք հրապարակել ենք, բացահայտում է՝ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել ՀՀ-ում ՀԱԵ-ի հոգևոր կրթություն ստացած սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը: Աշխատավարձի մասին հիմա խոսել չեմ կարող: Դուք աշխատավարձի չափը մեծ եք ասում, բայց բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացածից»:

Արդյո՞ք այստեղ կան մեր հարցադրումների պատասխանները, միգուցե ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկ անգամ ևս նայեն նախարար Պապիկյանի ճեպազրույցը…

Տեսանյութեր

Լրահոս