ՔՊ-ն օրենքով սահմանափակում է Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքը
«Քաղաքացիական պայմանագիրը», ի վերջո, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը, որոնցով ՔՊ-ականներն առաջարկում են նոր պայման սահմանել Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման համար։
Նմանօրինակ նախագիծ դաշտ բերելու մոտիվները պարզ են։ Առաջանահերթ պետք էր ինչ-որ կերպ ամրագրել հերթական խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ և դրանից հետո ՔՊ-ականների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի քաղաքական այն խոսույթը, թե իբր ընդդիմության որոշ ուժերի կողմից Հայաստան ստիպողաբար բերվել են մարդիկ՝ իրենց օգտին քվեարկելու համար։ Երկրորդը, սեփական քաղաքական օրակարգից բխող հանրաքվե անցկացնելու ժամանակ առավել կառավարելի ու հաշվելի էլեկտորատ ունենալն է, քանի որ վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե ինչ ծավալով է իշխող ուժը դիմում վարչական ռեսուրսի «աջակցությանը»։
Այսպիսով՝ ներկայացված նախագծերով ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենան միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 365 օրվա ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։ Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում այդ հանգամանքը հաշվարկվելու է ընտրության օրվան նախորդող 48-րդ օրվա, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ։
Նախագծերով նախատեսվում են միայն սահմանափակ բացառություններ՝ միայն այն դեպքերի համար, երբ քաղաքացու բացակայությունը պայմանավորված է եղել հանրային ծառայությամբ կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառությամբ։ Մնացած դեպքերում առաջարկվող կարգավորումը կարող է ընտրելու իրավունքից զրկել արտերկրում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող, ինչպես նաև աշխատանքի, առողջական, ընտանեկան, գործարար կամ այլ անձնական պատճառներով Հայաստանից բացակայող քաղաքացիներին։ Ոչ մի կարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, եթե, օրինակ, ՀՀ քաղաքացին արտերկրում է գտնվում երկարատև բուժման նպատակով կամ մարզական պարապմունքների ու մրցաշարերի մասնակցության։
Առաջարկվող կարգավորումը, սակայն, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը մի քանի ինքնուրույն հիմքերով։
ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք։ Այս դրույթն ընտրական իրավունքի իրականացման համար նախատեսում է երկու և միայն երկու պայման՝ անձը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և ընտրության կամ հանրաքվեի օրը լրացած լինի նրա տասնութ տարին։
Այսինքն՝ սույն հոդվածը չի պարունակում ո՛չ բնակության, ո՛չ հաշվառման, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու որևէ պահանջ։ Հետևաբար, Սահմանադրությունն Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը կապում է բացառապես քաղաքացիության և տարիքի հետ։
Մինչդեռ նախագծերով այս երկու սահմանադրական պայմաններին ավելացվում է երրորդը՝ նախորդ 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում առնվազն 183 օր փաստացի գտնվելու պահանջը։
Առաջարկվող փոփոխությունները փաստացի սահմանում են ընտրական իրավունքի իրականացման նոր նյութական նախապայման, որը Սահմանադրությամբ նախատեսված չէ։ Եթե սահմանադիրն ունեցած լիներ ընտրելու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու որոշակի ժամկետի հետ կապելու մտադրություն, ապա այդպիսի պահանջը կներառեր հենց Սահմանադրության տեքստում, ինչպես դա արել է նույն հոդվածի այլ մասերում։
Սահմանադրության համակարգային մեկնաբանությունը ևս ցույց է տալիս, որ նման լրացուցիչ պայման օրենքով սահմանվել չի կարող։
Այստեղ հավանաբար տրամաբանական հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ, օրինակ, ԱԺ պատգամավոր ընտրվելու համար սահմանված է վերջին 4 տարիներին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության պահանջ, իսկ պարզապես ընտրելու իրավունք ունենալու համար՝ ոչ։ Այս տարբերությունը պատահական չէ։
Բնակության պահանջի գիտակցված ներառումը 48-րդ հոդվածի 2-րդ մասում և դրա բացակայությունը 48-րդ հոդվածի 1-ին մասում վկայում են, որ սահմանադիրը նման պահանջ նախատեսել է միայն պասիվ, բայց ոչ ակտիվ ընտրական իրավունքի համար։ Ուստի սահմանադրի այս միտումնավոր ընտրությունը սովորական օրենսդիրը չի կարող չեղարկել։
Օրենսդիրը չի կարող փոխել Սահմանադրությամբ սահմանված ընտրական իրավունքը
Սահմանադրության կառուցվածքը ևս վկայում է, որ համապետական ընտրությունների և հանրաքվեների դեպքում ընտրական իրավունքի պայմանները սահմանված են հենց Սահմանադրությամբ և սպառիչ են։ Ի տարբերություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, որտեղ կարգավորման զգալի շրջանակ վերապահված է օրենսդրին, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում նման լիազորություն նախատեսված չէ։ Սա նշանակում է, որ օրենսդրին չի վերապահվել որևէ մնացորդային հայեցողություն ընտրելու կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի համար լրացուցիչ նյութական պայմաններ սահմանելու նպատակով։
Ընտրական իրավունքից զրկելու հիմքերը նույնպես սպառիչ են
Սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է այն դեպքերի սպառիչ ցանկը, երբ անձը չի կարող ընտրել, ընտրվել կամ մասնակցել հանրաքվեին։ Այդպիսիք են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձինք և դիտավորությամբ կատարված ծանր հանցանքի համար դատապարտված ու պատիժ կրող անձինք։
Հայաստանի Հանրապետությունում չգտնվելը կամ երկրից բացակայելն այդ ցանկում ներառված չէ։ Հետևաբար, ընտրելու իրավունքի որևէ լրացուցիչ սահմանափակում կարող է սահմանվել միայն այն դեպքում, երբ դրա համար գոյություն ունի ուղղակի սահմանադրական հիմք։
Նախագիծը դուրս է գալիս Սահմանադրության 75-րդ և 80-րդ հոդվածներով սահմանված շրջանակներից
Սահմանադրության 75-րդ հոդվածը թույլ է տալիս օրենքներով սահմանել հիմնարար իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։ Միաժամանակ, Սահմանադրության 80-րդ հոդվածը սահմանում է, որ հիմնարար իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էությունն անխախտելի է։ Առաջարկվող նախագծերը, սակայն, չեն սահմանում ընտրական իրավունքի իրականացման նոր կազմակերպական կամ ընթացակարգային մեխանիզմներ։
Դրանք ընտրելու և հանրաքվեին մասնակցելու սահմանադրական իրավունքը պայմանավորում են նոր նյութական նախապայմանով, որը Սահմանադրությամբ նախատեսված չէ։ Արդյունքում օրենսդիրը միջամտում է ոչ թե իրավունքի իրականացման ընթացակարգին, այլ հենց դրա բովանդակությանը, ինչը դուրս է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից։
Վենետիկի հանձնաժողովի չափանիշները ևս նույն մոտեցումն են ամրագրում
Միջազգային չափանիշները նույնպես չեն աջակցում առաջարկվող մոտեցմանը։ Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրքը» նախատեսում է, որ ընտրություններին մասնակցելու համար բնակության կամ երկրում գտնվելու տևողության պահանջը կարող է կիրառվել միայն տեղական կամ համայնքային ընտրությունների դեպքում։ Նույն մոտեցումն ամրագրված է նաև հանրաքվեների վերաբերյալ հանձնաժողովի վերանայված կանոնագրքում, ըստ որի՝ նման պահանջները համապետական հանրաքվեների դեպքում կիրառելի չեն, իսկ արտերկրում բնակվող քաղաքացիների համար պայմանները չեն կարող ավելի խիստ լինել, քան ընտրությունների դեպքում։
Ակներև է, որ ՔՊ-ական իշխանությունը վստահ չէ իր հանրային աջակցության վրա, և փոխանակ ընտրական մրցակցությունը լուծի ընտրատեղամասում, դա անում է ընտրողների շրջանակը նեղացնելու միջոցով։
Իսկ երբ սովորական օրենքով փորձ է արվում սահմանափակել Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքը, դա արդեն քաղաքական նպատակահարմարությունը սահմանադրականությունից վեր դասելու փորձ է։ Սահմանադրությամբ բոլոր չափահաս քաղաքացիներին երաշխավորված ընտրելու հիմնական իրավունքը ՔՊ-ական իշխանությունն անթաքույց սահմանափակում է՝ չունենալով դրա համար որևէ սահմանադրական լիազորություն։

