ՀԱՊԿ-ը պատերազմի ճնշման ներքո. Ղազախստանն ու Ղրղզստանը սպասողական կեցվածք կընդունե՞ն. Էլխան Շահինօղլուի դիտարկումը
«Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն վերլուծել է Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների հնարավոր արձագանքը՝ Ուկրաինայի կողմից Բելառուսին հարվածելու սցենարի դեպքում։
Նրա գնահատմամբ՝ եթե Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում աջակցող Բելառուսը դիմի ՀԱՊԿ-ի օգնությանը, ապա Ղազախստանն ու Ղրղզստանը, ամենայն հավանականությամբ, կպահպանեն զգուշավոր և դիտորդական դիրքորոշում։
«Եթե Ուկրաինան հարված հասցնի Բելառուսին, և Մինսկը հայցի ՀԱՊԿ-ի աջակցությունը, Ղազախստանի և Ղրղզստանի արձագանքը, մեծ հավանականությամբ, զուսպ կլինի», – նշում է Շահինօղլուն։
Փորձագետը փաստում է, որ այս երկրների համար հակամարտությունն ուղղակի չէ, միաժամանակ ընդգծելով նրանց հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության սկզբունքին։
Վերլուծաբանի կարծիքով՝ Մինսկի խնդրանքը մերժելը լուրջ հարված կլինի ՀԱՊԿ-ի հեղինակությանը, ինչը կարող է արագացնել Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու գործընթացը.
«Ղազախստանի և Ղրղզստանի կողմից Մինսկի կոչն անտեսելը հերթական հարվածը կհասցնի ՀԱՊԿ-ի վարկին։ Սա, իր հերթին, կարող է դյուրացնել Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու քայլը»։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Բելառուսի տարածքում տեղակայված են չորս ռետրանսլյատորներ, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի ուղղությամբ հարվածային անօդաչուների թիրախավորման համար՝ սպառնալով ոչնչացնել դրանք։
Եվրահանձնաժողովը սատարել է Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը՝ ընդգծելով Բելառուսի մասնակցությունը ռուսական ագրեսիային։ Դրանից հետո Մինսկը հեռացրել է ռետրանսլյատորները։
Միաժամանակ, բելառուսական ընդդիմադիր շրջանակները տեղեկացնում էին պատերազմին Բելառուսի ավելի ակտիվ ներգրավման նախապատրաստությունների մասին՝ մատնանշելով ռազմական ներուժի աճը, տնտեսության ռազմականացումը և վառելիքի դեֆիցիտի պայմաններում Ռուսաստանին նավթամթերքի արտահանման ծավալների ավելացումը։

