Գույքը գրավադրած կենսաթոշակառուները վարկը մարելու պարտավորություն կենդանության օրոք չեն ունենա. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը հայտարարեց, որ Քաղաքացիական օրենսգրքում ունենք փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որը վերաբերումէ հետադարձ հիփոթեքին և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքին:
Նա նշեց, որ հետադարձ հիփոթեքը վարկային նոր պայմանագրի տեսակ է, որն ունի կոնկրետ սուբյեկտային շրջանակ և օրենսդրությամբ նախատեսված հստակ կարգավորումներ։ Դրանց ընդունվելու պարագայում, ըստ նրա՝ կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիները, եթե կունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի նշանակության շինություն (բնակարան, բնակելի տուն, ամառանոց և այլն) և ցանկություն կունենան ստանալու վարկավորում, որը կտրամադրվի բանկի կամ վարկային կազմակերպության կողմից, կկարողանան իրենց՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը գրավադրել ի ապահովումը վարկի դիմաց իրենց մոտ առաջացող կուտակվող պարտավորությունների, կենդանության օրոք վճարումներ ստանալ բանկից կամ վարկային կազմակերպությունից, որոնք մարելու պարտավորություն կենդանության օրոք չեն ունենա:
««Հետադարձ հիփոթեք» տերմինը մի փոքր բացահայտում է այս կոնցեպտի էությունը. եթե գործող կարգավորումներով վարկային պայմանագիր կնքելիս, որևէ գույք գրավադրելիս քաղաքացին պարտավորվում է յուրաքանչյուր ամիս վճարումներ կատարել բանկին, տոկոսները, մայր գումարը մարել, ապա այս դեպքում ամբողջ պարտավորությունները սկսելու են մարվել միայն քաղաքացու մահից հետո։ Ինչ վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքին, մենք գիտենք, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը օրենքով համարվում է ամուսինների համատեղ սեփականության իրավունքը՝ անկախ նրանից, թե ով է ձեռք բերել և ում անունն է նշված սեփականության վկայականում: Եթե ամուսիններից մեկը մահանում է, ժառանգությունը բացվում է հետևյալ տրամաբանության ներքո. գույքի 50%-ը, որպես համատեղ սեփականության իրավունք, պատկանում է ողջ մնացած ամուսնուն, իսկ մյուս 50%-ը բաշխվում է մյուս ժառանգների միջև»,- ասաց նա։
Ըստ Նանե Ղազարյանի՝ կան դեպքեր, երբ ժառանգությունը տնօրինելը դառնում է խնդիր.
«Օրինակ, մեկն ուզում է վաճառել, մյուսը չի ուզում վաճառել, մեկն ուզում է շարունակել բնակվել և իր կենսապայմանները չփոխել, մյուսը՝ ոչ: Մենք ամրագրել ենք, որ եթե ամուսինները ցանկություն ունենան, կարող են դիմել կադաստրի կոմիտե և տալ անշարժ գույքին ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի կարգավիճակ, ինչը կնշանակի, որ եթե ամուսիններից մեկը մահանում է, գույքը մինչև մյուս ամուսնու մահը ամբողջությամբ անցնում է ի սեփականություն՝ ողջ մնացած ամուսնուն: Միայն վերջինիս մահից հետո այդ գույքը կարող է ներգրավվել ժառանգության զանգվածի մեջ և բացվել այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ սահմանում էր օրենքը»։

