Իրանի հետ հակամարտության ընթացքում վիրավորվել է 399 ամերիկացի զինվորական. CENTCOM
Առնվազն 399 ամերիկացի զինծառայող է վիրավորվել Իրանի հարձակումների հետևանքով: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Հոքինսին:
Հոքինսի տվյալներով՝ 354 զինծառայող արդեն վերադարձել է ծառայողական պարտականությունների կատարմանը:
Ամերիկացի զինվորականների շրջանում պաշտոնական զոհերի թիվը 13 է:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ: Իսլամական Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել փակել Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի դեմ ագրեսիային աջակցող երկրների հետ կապված նավերի համար: Ապրիլի 8-ի գիշերը Վաշինգտոնը հայտարարել է Թեհրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին: Իրանի անհետաձգելի բժշկական օգնության կազմակերպության տվյալներով՝ 3375 իրանցի է զոհվել պատերազմի 40 օրվա ընթացքում:
Ապրիլի 11-ին կողմերը բանակցություններ են վարել Իսլամաբադում, սակայն չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ մի շարք հակասությունների պատճառով։
Առաջիկայում ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև կարող է նոր հանդիպում տեղի ունենալ։



