Հայր մեր. ո՞վ է Հայրը և ո՞վ ենք մենք
«Հայր մեր». ի՞նչ գաղտնիքներ, խորհուրդ ու նշանակություն ունեն Տերունական աղոթքի բառերը. մեկնաբանում է Արշավիր Գաբուճյանը:
«Հայր մեր, որ յերկինս»…
Տերունական աղոթքը կամ «Հայր մեր»-ը քրիստոնեական հավատի ամփոփ ներկայացումն է: Այն սկսվում է շատ կարևոր բառով՝ հայր մեր: Հայր բառի օգտագործումը միշտ եղել է, հատկապես՝ մարգարեների կողմից, բայց հրեա ժողովրդի մոտեցումն Աստծո հանդեպ հեռու է այն մտերմությունից, ինչը կա քրիստոնեությունում՝ մարդ և Աստված փոխհարաբերություններում։
Հրեաների համար Աստված թագավոր է, բժիշկ, դատավոր՝ իրենց կյանքում ունենալով խիստ ներկայություն: Մենք՝ քրիստոնյաներս, շատ մտերիմ ենք, մոտ ենք զգում Տիրոջը, և դա սկսեց Քրիստոսով: Հայր բառի մեջ մենք տեսնում ենք մտերմություն, սեր, ջերմություն:
Հայր բառի նշանակությունը
Հայր բառի արժեքը կարգավորում է մեր ամբողջ կյանքը.
այս բառը կարգավորում է մեր հարաբերությունն Աստծո հետ։ Մեզնից չի հեռացվում Նրա մեծությունը: Տերն Իր զորությունը, մեծությունը մատչելի է դարձնում մեզ։ Այն աստվածային զորությունը, որ մենք տեսանք Քրիստոսով, իրականություն դարձավ մեր կյանքում:
Հայր բառը կարգավորում է մեր հարաբերությունները մեր նմանների հետ։ Մենք ասում ենք՝ հայր մեր, այլ ոչ թե՝ իմ: Նշում ենք մեր պարտքերի մասին, այլ ոչ թե՝ իմ: Չկա իմ, ես, անձնակենտրոն դերանուն: Եվ սա կարգավորում է մեր փոխհարաբերություններն այս աշխարհում: Պատահական չէ, որ մենք հաճախ աղոթում ենք մեր դիմացինի համար:
Հայր բառը կարգավորում է մեր հարաբերությունները մեր անձերի հետ: Մենք հաճախ մեր անձերը համեմատում ենք ուրիշների հետ: Այս աղոթքը՝ Հոր առաջ կանգնած, մեզ տանում է ինքնաճանաչման՝ հասկանալու, թե ո՞վ ենք մենք: Երբ ասում ենք՝ հայր, նկատի ունենք մեր բոլորի հորը և այս հարաբերության մեջ մենք բոլորս հավասար ենք:
Այս բառը կարգավորում է մեր հարաբերությունն անտեսանելի աշխարհի հետ։ Հեթանոս աշխարհում ամեն երևույթ մի աստված էր։ Մարդը չէր տեսնում, թե ով է իրական Տերը: Եվ այս աստվածները հեռու էին մարդկանց օգնելու իրողությունից և ճշմարտությունից։ Նրանք վրիժառու էին, պատժում էին:
Հայր բառը կարգավորում է մեր հարաբերությունը տեսանելի աշխարհի հետ։ Մենք Տիրոջը տեսնում ենք տեսանելի աշխարհում: Նա անմերձենալի չէ: Կար մի ժամանակ, որ մենք հպվեցինք Տիրոջ ձեռքերին, գրկեցինք Նրան, զրուցեցինք Նրա հետ: Տեսանելի աշխարհում, երբ ասում ենք հայր, ընկալում ենք՝ սիրող Աստծո կերպարը։
Մենք ստացանք այս պարգևը` Նրան Հայր ասելու, որովհետև…
Քրիստոս, այս սկզբունքը, այս բառի արժեքը տվեց, որ մենք հաշտվենք ու սիրով լինենք միմյանց հետ: Մենք հայրության շնորհով ենք հաշտվում միմյանց հետ։ Մենք ունենք շատ տարբերություններ: Առհասարակ մարդիկ դաժան ու անհանդուրժող են միմյանց հանդեպ, բայց հայրախնամ հոգատարության շուրջ մենք հավասար ենք, ինչպես մեր մանկության ժամանակ էինք նստում հայրական սիրո գրկում։ Նույն սիրով պետք է պարուրել մարդկությանը՝ մեկ ընտանիք լինելու ուրախությամբ։ Մենք մաս պետք է կազմենք մեծ ընտանիքին՝ եկեղեցուն, քրիստոնյա աշխարհին և հայրության հովանու ներքո դառնանք մեծ ընտանիք։
«որ յերկինս». երկինքն անհասանելի մի վա՞յր է
Երկինքն անհասանելի չէ, որովհետև ասում ենք, թե մի օր պիտի բարձրանանք: Երկինքը բարձրության, մեծության, անսահմանության սահմանումն է։ Այսինքն՝ երկինքը տեսանելին և անտեսանելին միաձուլող ճշմարտություն և իրականություն է, որն Աստծո բնակավայրն է: Երբ ասում ենք, որ երկնքում ես, չհասկանանք մի տեղ` վերևում:
Երբեմն շատ վերև նայելով, մոռանում ենք, որ Աստված մեր մեջ է: Երբ քեզ նայում եմ, Աստծուն եմ տեսնում, կամ Աստծուն պետք է տեսնեմ: Աստված երկնավոր էակ է: Երկնավոր հասկացությունը Աստծուն բերում է երկիր՝ մարդկանց կյանք՝ իբրև օրհնություն և սեր, և չի կարելի բաժանել Աստծո մեծությունը և սերն իրարից։ Մեր հայրը մեր տան մեծն է, բայց այդ մեծության մեջ կա հայրական խոնարհություն և ամենակարևորը հայրական սեր։
Պատրաստեց Անի Ավագյանը



