ԹՐԻՓՓ-ը ոչ մի դեպքեւմ չպետք է դառնա աղբյուր, գործիք օտարների կողմից Իրանի դեմ օգտագործվելու հարցում. Շիրղոլամի
«Դա արհեստական տերմին է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին, անդրադառնալով ԹՐԻՓՓ-ին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինի կոնտեքստում:
Նա նշեց, որ Իրանի տեսակետը ՀՀ տեսակետի հետ մեկն է, միջանցքի գաղափարն ընդունելի չէ ՀՀ-ի, ինչպես նաև Իրանի համար:
«Դա արհեստական անուն է, որի վերաբերյալ Իրանը հայտարարել է, որ ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն՝ նաև ինքնիշխանության հարցում, Իրանը չի հանդուրժի: Եվ ԻԻՀ Գերագույն հոգևոր առաջնորդը, ում կորուստը մենք այսօր սգում ենք, ուներ բազմաթիվ խոսքեր, որոնք քննադատում էին այդ արհեստածին գաղափարը: Ուղին կամ ճանապարհն օգտագործվում է մարդկանց տեղաշարժի ու ապրանքների համար»,- ասաց դեսպանը:
ՀՀ-ԱՄՆ հարաբեորությունների համատեքստում՝ Խալիլ Շիրղոլամին ասաց, որ ԹՐԻՓՓ-ի հետ կապված ՀՀ պաշտոնատար անձանց հետ քննարկումների ժամանակ ընդգծել են, որ պետք է շարժվեն երկու երկրների ղեկասվարների նախանշած ուղղությամբ: Նրա խոսքով, դա ուղղություն է, որը, հնարավոր է՝ հաղորդակցային տեսանկյունից Հայաստանի համար նոր հնարավորություններ ստեղծի, և դա ոչ մի դեպքում չպետք է դառնա աղբյուր, գործիք՝ օտարների կողմից Իրանի դեմ օգտագործվելու հարցում: «Մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը խաղաղության խաչմերուկ նախագծին: ՀՀ իշխանությունները մեզ մշտապես վստահեցնում էին, որ ոչ մի դեպքում այս ճանապարհը, ուղին ռազմական անվտանգային իմաստ չի ստանա: Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհի վրա կպահպանվի»,- ասաց դեսպանը:



