Մեր բարեկամ Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ են. Շիրղոլամի

«Ափսոսանք է առաջացնում այն, որ մի խումբ վերլուծաբաններ պարզապես կրկնում են սիոնիստական տեսակետները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին:

Նա նշեց, որ այս ագրեսիան վտանգում է տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը: Ըստ նրա, եթե այս գործողությունները շարունակվեն, ապա այս տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվեն անբարենպաստ պայմաններ:  «Նրանք, ովքեր իրականացրին այս գործողությունները մեր նկատմամբ, վտանգի ենթարկեցին միջազգային կայունությունն ու խաղաղությունը: Մեր բարեկամ և հարևան ՀՀ անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է: Եվ ՀՀ տարածքային ամբողջականությունն էլ մեր համար կարմիր գիծ է: Իհարկե, մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբեք, որևէ վնաս չկրի այս միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով»,- ասաց դեսպան Շիրղոլամին:

Իրանցի դիվանագետի որակմամբ, միջազգային արձագանքը տեղին և ստացված չէր, երկրներից շատերը, որոնք խոսում են մարդու իրավունքների պաշտպանությունից, այս հարձակման, ագրեսիայի դեպքում լիարժեք լռություն պահպանեցին: «Նույնիսկ այն եվրոպական երկրները, որոնք հոգնել են Թրամփի այս օրինազանց պահվածքից, այս պարագայում պարզապես դիտորդի դերում էին: Նույնիսկ նրանցից ոմանք էլ թաքուն, ծածուկ կերպով աջակցում են այս ոչ օրինական և ագրեսիվ գործողությանը»,- նկատեց դեսպան Շիրղոլամին:

Դիվանագետը նշեց, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, դրա շրջանակում Արարատ Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել, նաև  Միրզոյանը նշել է, որ ցանկացած մարդասիրական օգնության անհրաժեշտության պարագայում Հայաստանը պատրաստակամ է դա ցուցաբերել Իրանին: Խալիլ Շիրղոլամին նաև մատնանշեց, որ ցավակցական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

«Այս ծանր օրերին ստացանք բազմաթիվ ցավակցական, վշտակցության, համերաշխության ուղերձներ ՀՀ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներից, ակտիվիստներից, տարբեր շրջանակներ ներկայացնող անձանցից թե ՀՀ-ում, թե Իրանում, ինչը մեզ համար զարմանալի չէ, քանի որ հայ ժողովուրդը և Իրանի ժողովուրդը երկու բարեկամ ժողովուրդներ են, որոնք ծանր օրերին միշտ իրար կողքի պետք է լինեն: Սակայն ես չեմ կարող չարտահայտել իմ ափսոսանքը մի խումբ վերլուծաբանների կողմից ներկայացված ոչ տրամաբանական և ոչ այնքան հիմնավոր խոսքերի վերաբերյալ, որոնք շարունակում են արևմտյան տեսլականը Հայաստանում: Ես չեմ կարող հասկանալ նմանօրինակ պահվածքի և վարվելակերպի մոտիվները, սակայն կարող եմ նրանց խորհուրդ տալ դուրս գալ, փոխել այս սխալ ուղղությունը: Մենք և Դուք բարեկամներ ենք, ուստի մեզ համար պարզապես ափսոսանք է առաջացնում, որ մի խումբ վերլուծաբաններ պարզապես կրկնում են սիոնիստական տեսակետները: Սակայն սա փոքրամասնություն է կազմում»,- մանրամասնեց դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս