Իրենց մոտ պարզապես ուշադրության կենտրոնում հայտնվելու մրցավազք է․ տնտեսագետը՝ իշխանությունների կողմից թվային մանիպուլյացիաների մասին
Իշխանամուտից ի վեր՝ տարբեր պաշտոնյաներ առիթ ու հարթակ բաց չեն թողնում խոսելու տնտեսական ձեռքբերումների մասին, որոնցից մի քանիսը Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, կոչում է աննախադեպ։
Վերջին շրջանում տնտեսական աճերի մասին ակտիվորեն խոսում է, օրինակ, Գևորգ Պապոյանը՝ մոռանալով այդ աճերի շարքում նշել վերջին 8 տարիների գնաճը, խոսում է պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազման մասին՝ մոռանալով նշել վերջին տարիներին կրկնապատկված պարտքային բեռի փաստը, և այլն։
Նախօրեին, Պապոյանի հանգույն, ՔՊ-ական մի պատգամավոր է փորձել Ֆեյսբուքում դարձյալ «խաղալ» տնտեսական ցուցանիշների հետ՝ հետևյալ ձևակերպմամբ․ «2021թ. միջին աշխատավարձը Հայաստանում 190.000 դրամ էր կազմում։ 2025-ին այն կազմել է 376.700 դրամ։ Ներողություն ենք խնդրում, մի քիչ ավելին ստացվեց, քան խոստացել էինք 2021-ին»։
Սա, իհարկե, քաղաքացիներից շատերի մոտ դժգոհության ալիք է բարձրացրել։ Մեկնաբանություններում պատգամավորին մեղադրել են ստելու ու մանիպուլացնելու մեջ։
168.am-ի հետ զրույցում ակնհայտ մանիպուլյացիայի մասին փաստերով խոսել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։
«Մենք պետք է հասկանանք՝ 5 տարվա ընթացքում ինչ է եղել. ռուս-ուկրաինական հակամարտությունն է եղել, որը շարունակվում է մինչև հիմա, ինչի հետևանքով տասնյակ-հազարավոր ռուսներ, ուկրաինացիներ իրենց՝ հիմնականում բարձր վարձատրվող ՏՏ ոլորտի աշխատավարձերով և իրենց հիմնարկներով տեղափոխվել են Հայաստան, վերջին 2-3 տարիներին մետաղների գների շարունակական աճը հանքաքարի արդյունահանումը դարձրել է գերշահավետ․ այդ ձեռնարկությունները մեծ շահույթներ են ստացել։
Երրորդը՝ դեպի ռուսական կողմ գնացող արտահանումը վերջին տարիներին անընդհատ աճել է, և եթե նախկինում, իր ասած այդ թվականներին, ռուսական մասնակցությունը մոտ 11 տոկոս էր, այժմ՝ մոտավորապես 35 տոկոս է։
Երբ այս բոլորն իրար հետ համադրում ենք, ստանում ենք աշխատավարձերի մի ինչ-որ մակարդակ, որը, սակայն, չի արտացոլում տնտեսական իրական վիճակը»,- նկատեց տնտեսագետը:
Հրայր Կամենդատյանը մեկ այլ գործոնի մասին ևս հիշեցրեց՝ «աշխատավարձերի բարձրացմամբ հիացածներին» խորհուրդ տալով հետաքրքրվել թոշակառուների թոշակի չափով։
«2018թ. միջին աշխատավարձը կազմում էր մոտավորապես 172.000 դրամ, ինչն այդ ժամանակ առկա թոշակից ավել էր մոտավորապես 4 անգամ, այժմ այդ նույն ցուցանիշը կազմում է ոչ թե 4, այլ 6 անգամ ավել։ Այսինքն՝ ակնհայտ է, որ սոցիալական մեծ խզում կա։
Ակնհայտ է, որ պետական համակարգում էլ տրված այդ ամբողջ պարգևավճարները, որոնք արհեստականորեն աշխատավարձի ցուցանիշը բարձրացնում են ու դրա արդյունքում ստանում են այդպիսի թվեր»,- նշեց նա։
Առհասարակ, ըստ տնտեսագետի, նման թվեր հնչեցնելով՝ ՔՊ-ական տարբեր ներկայացուցիչներ փորձում են նախընտրական դիրքավորում ապահովել։
«Իրենց մոտ պարզապես ուշադրության կենտրոնում հայտնվելու մրցավազք է, ենթադրենք՝ ո՞վ մի թիվ, մի տեղ մի ճար, ինչ-որ մեկից գողացած միտք ունի, բերում, ասում է։ Նրանք փորձում են մակերևույթին մնալ, հուսահատական ջանքեր են անում, որպեսզի իրենց խելքով իբր թե մնան մակերևույթին և մոտակա ընտրությունների ժամանակ փորձեն (նրանց համար նույնիսկ թիմն էլ կարևոր չի) «Քաղաքացիական պայմանագիր» կոչված խմբակում որոշակի հնարավոր բոնուսներ ապահովել»,- ամփոփեց Կամենդատյանը։



