Բաժիններ՝

Իսրայելը ցանկանում է դաշինք ստեղծել «արմատական շիական և սուննիական առանցքների» դեմ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չորեքշաբթի պաշտոնական այցով կժամանի Իսրայել, ինչը կհանգեցնի ավելի սերտ «տնտեսական, դիվանագիտական և անվտանգային համագործակցության»։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է The Times of Israel-ը։

«Մենք զարգացնելու ենք համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և քվանտային հաշվարկների ոլորտներում»,- նշել է նա։

Նույն օրը Մոդին ելույթ կունենա Քնեսեթում, իսկ երկու առաջնորդները կայցելեն «Յադ Վաշեմ» հուշահամալիր և կմասնակցեն Երուսաղեմում նորարարություններին նվիրված միջոցառմանը։

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «կստեղծի մի ամբողջական համակարգ՝ դաշինքների վեցանկյուն՝ Մերձավոր Արևելքի շուրջ կամ ներսում»՝ թվարկելով Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, ինչպես նաև չնշված արաբական, աֆրիկյան և ասիական երկրները։

«Նպատակն է ստեղծել այնպիսի երկրների առանցք, որոնք նույն կերպ են տեսնում իրականությունը, մարտահրավերներն ու նպատակները՝ ի հակակշիռ արմատական առանցքների։ Խոսքը թե՛ արմատական շիական առանցքի մասին է, որին մենք շատ ուժեղ հարված ենք հասցրել, և թե՛ նոր՝ արմատական սուննիական առանցքի»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս