ՀՀ-ին չսպասարկող ճանապարհի բացումը պետք է ներդրումնե՞ր ապահովի․ դա բացարձակ սուտ է, որևէ ներդրում չի լինելու. տնտեսագետ

Այս օրերին լրատվամիջոցները, բայց հատկապես իշխանական ու մերձիշխանական շրջանակներն ուշադրություն են հրավիրում տնտեսական երկու կանխատեսման վրա․ առաջինը S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության վերլուծությունն է։

Գործակալությունը Հայաստանի համար 2026-ին կանխատեսում է ՀՆԱ-ի 5.3 տոկոս աճ, իսկ 2027-ին՝ 4.8 տոկոս․  2026 թվականի փետրվարի 20-ին S&P Global Ratings-ը վերանայել է Հայաստանի վարկանիշի իր կանխատեսումը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»։

«Դեպի «դրական» հեռանկարի վերանայումն արտացոլում է մեր այն տեսակետը, որ կա տարածաշրջանային աշխարհաքաղաքական և անվտանգության դինամիկայի բարելավման ներուժ, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​և առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա առաջընթացի առումով»,- ասված է գործակալության հաղորդագրությունում:

Հաջորդը Oxford Economics միջազգային տնտեսական հետազոտությունների կենտրոնի կանխատեսումն է․ վերլուծաբանները դարձյալ նույն հանգամանքն են մատնանշում՝ տրանսպորտային և կապուղիների բացումը կարող է լրացուցիչ խթան հաղորդել Հայաստանի տնտեսությանը և ամրապնդել ներդրողների վստահությունը։

Կարդացեք նաև

TRIPP-ից, տրանսպորտային և կապուղիների բացումից առհասարակ ձևավորված այս և այլ սպասումների մասին 168am-ը հարցադրումներ է ուղղել տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանին։

Ի պատասխան՝ Հրանտ Միքայելյանը հիշեցրեց ներդրումների մասին բազմաթիվ խոստումներ, որոնք հնչել են այս տարիներին, այդ թվում՝ Չինաստանից՝ 10-15 միլիարդի չափով, Եվրամիությունից՝ 2,6 միլիարդի չափով սպասվող փողերի տեսքով, որոնք ցայսօր չկան։

«Դա սպեկուլյացիա է,- արձագանքեց մասնագետը, ապա պարզաբանեց,- Նրանք փորձում են Հայաստանի համար վատթարագույնը՝ վերաբրենդավորված միջանցքը ներկայացնել՝ իբրև Հայաստանի համար լավագույն սցենար, ու քանի որ հանրության մեջ շատերը չեն կարողանում տարբերակել, ինչ-որ առումով իշխանությունները կարողանում են հասնել հաջողության։

Հայաստանին չսպասարկող ճանապարհի բացումը Հայաստանում պետք է ներդրումնե՞ր ապահովի, ինչի՞ համար․․․ Ներդրումներ կգա՞ն․ այդ սուտ խոստումներն ընդհանրապես տրվել են Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին․․․, ո՞ւր են հասել այդ երկրները։

Այսինքն` սա բացարձակ սուտ է, որևէ ներդրում չի լինելու, ու ժողովրդին այս աստիճանի խաբելն արդեն կախված չէ  միայն խաբողից, այլև խաբվողից»։

Դիտարկմանը, որ դա միայն իշխանությունների դիտարկումը չէ․ փաստացի միջազգային փորձագիտական կենտրոնները ևս այսօր դրանով են զբաղված, Հրանտ Միքայելյանն արձագանքեց, որ դրանք պետք է դիտարկել իրենց աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման համատեքստում։

«Այդ փորձագիտական կենտրոնները, որպես կանոն, քաղաքական նպատակների են ծառայում»,- հիշեցրեց մասնագետը։

Ճշգրտմանը, թե՝ այսինքն այդ կերպ ազդեցություն են ուզում ունենալ դիրքորոշումների՞ վրա, կամ ցույց տալ՝ աջակցության ևս մի դրսևորո՞ւմ, Հրանտ Միքայելյանը պատասխանեց․

«Ընտրությունների վրա․ սրանք նախընտրական «ինտերվենցիաներ» են՝ ինչպես Ջեյ Դի Վենսի Հայաստան այցը»։

Տեսանյութեր

Լրահոս