Խաչատուրյանը հունական ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը

Պետական այցով Աթենքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի հեղինակավոր «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում։ Ֆորումը հիմնադրվել է 2016 թվականին և համարվում է «հունական Դավոս»։

Ամենամյա համաժողովների ընթացքում այն հյուրընկալում է 1000-ից ավելի խոսնակների՝ քաղաքական գործիչների, գիտնականների և լրագրողների մասնակցությամբ, ինչպես նաև համաշխարհային առաջնորդների ներգրավմամբ։

Դասախոսության ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը, վերջին տարիներին իրականացված և նախատեսվող բարեփոխումները, ինչպես նաև երկրի տնտեսական համակարգում ընթացող փոփոխությունները։ Նախագահն անդրադարձ է կատարել տնտեսության զարգացման հիմնական ուղղություններին, տեխնոլոգիական զարգացման ներուժին և հեռանկարներին։

Միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, լրագրողներ, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Նիովի Ռինգուն, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների գլխավոր քարտուղար Միշել Սպինելիսը, Հունաստանի ազգային բանկի նախագահ Գիկաս Հարդուվելիսը, պատգամավոր Դիմիտրիոս Կաիրիդիսը։

ՀՀ նախագահի աշխատակազմ

 

Տեսանյութեր

Լրահոս