ԵՀ-ն արտակարգ նիստ է հրավիրել «Դրուժբա» խողովակաշարի շուրջ վեճի կապակցությամբ

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) գումարել է նավթային համակարգող խմբի արտահերթ նիստ՝ «Դրուժբա» նավթատարի շուրջ Հունգարիայի, Սլովակիայի և Ուկրաինայի միջև սրված վեճը լուծելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Հունգարիան և Սլովակիան նախօրեին դադարեցրել են դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինային այն բանից հետո, երբ Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի տարածքում գտնվող խողովակաշարի վրա խափանեց այն։Բուդապեշտն ու Բրատիսլավան, որոնք մեծապես կախված են խողովակաշարով տեղափոխվող ռուսական նավթից, մեղադրել են Կիևին քաղաքական պատճառներով վերանորոգման աշխատանքները դիտավորյալ հետաձգելու մեջ։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ հաջորդ չորեքշաբթի տեղի կունենա արտակարգ նիստ, որին կմասնակցեն Հունգարիայի, Սլովակիայի և Խորվաթիայի ներկայացուցիչները։«Մենք գումարել ենք նավթային համակարգող խմբի հատուկ նիստ՝ մատակարարման խափանումների հետևանքները և վառելիքի մատակարարման հնարավոր այլընտրանքային տարբերակները քննարկելու համար», – ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենը։

Հունգարիան Բրյուսելից խնդրել է հեշտացնել ծովային ճանապարհով ռուսական նավթի տեղափոխումը Խորվաթիայի Ադրիատիկ խողովակաշարով՝ որպես այլընտրանքային երթուղի: Պաշտոնական Զագրեբը մերժել է այդ խնդրանքը:

Տեսանյութեր

Լրահոս