Բաժիններ՝

Թրամփը Բրիտանիային կոչ է արել չհրաժարվել Դիեգո Գարսիա կղզուց. այն կարող է անհրաժեշտ լինել Իրանին հարվածների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիային կոչ է արել չհրաժարվել Չագոս արշիպելագի Դիեգո Գարսիա կղզուց։ Նրա խոսքով՝ Դիեգո Գարիսայում գտնվող ամերիկա-բրիտանական ռազմակայանը կարող է անհրաժեշտ լինել Իրանի դեմ հարվածների համար։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։

«Ես Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերին ասել եմ, որ վարձակալության պայմանագրերը ոչ մի լավ բանի չեն բերում, երբ խոսքը երկրների մասին է, և որ նա լուրջ սխալ է թույլ տալիս՝ 100-ամյա վարձակալության պայմանագիր կնքելով մեկի հետ, ով հայտարարում է իրավունքների, սեփականություն և շահագրգռվածության մասին Դիեգո Գարսիայի նկատմամբ, որը ռազմավարական դիրք է զբաղեցնում Հնդկական օվկիանոսում», – գրել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ Մավրիկիոսի պահանջները կղզու նկատմամբ, իր կարծիքով, հորինված են։

2025 թ. մայիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համաձայնագիր է ստորագրել Չագոս արշիպելագի, այդ թվում՝ Դիեգո Գարսիայի նկատմամբ ինքնիշխանությունը Մավրիկիոսին փոխանցելու վերաբերյալ։ Սակայն Դիեգո Գարսիայի ռազմաբազան առնվազն 99 տարի կմնա Վաշինգտոնի և Լոնդոնի իրավասության ներքո։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ Մեծ Բրիտանիան տարեկան միջին հաշվով 101 միլիոն ֆունտ ստեռլինգ կվճարի Մավրիկիոսին Դիեգո Գարսիայի ռազմաբազայի օգտագործման համար։Թրամփն իր գրառման մեջ անդրադարձել է նաև Իրանի թեմային։

«Եթե Իրանը որոշի համաձայնություն չկնքել, ապա, հնարավոր է, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ լինի օգտագործել Դիեգո Գարսիան և Ֆեյրֆորդում տեղակայված օդանավակայանը, որպեսզի կանխի չափազանց անկայուն և վտանգավոր ռեժիմի կողմից հնարավոր հարձակումը»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը հավելել է, որ վարչապետ Սթարմերը ոչ մի դեպքում չպետք է փոխանցի Դիեգո Գարսիայի նկատմամբ վերահսկողությունը։

«Մի՛ հանձնեք Դիեգո Գարսիան», – եզրափակել է Թրամփը։ԱՄՆ նախագահը նախկինում ևս քննադատել էր Բրիտանիայի այս որոշումը։

Չագոսի արշիպելագը գտնվում է Հնդկական օվկիանոսի կենտրոնում։

Դիեգո Գարսիա կղզում գտնվող ամերիկյան և բրիտանական ռազմական ինքնաթիռները մասնակցում են, օրինակ, Մերձավոր Արևելքում գործողություններին։

Չագոսը Մավրիկիոսի մնացած մասի հետ բրիտանական գաղութի կազմում էր, սակայն 1965 թվականին Մեծ Բրիտանիան արշիպելագը դարձրեց առանձին վարչական միավոր։ Մավրիկիոսը երեք տարի անց անկախություն ձեռք բերեց, բայց Չագոսն այդպես էլ մնաց բրիտանական սեփականություն։ 1966 թվականին ԱՄՆ-ն վարձակալեց Դիեգո Գարսիան և այնտեղ կառուցեց ավիաբազա. արշիպելագի բոլոր 1500 բնակիչներն արտաքսվեցին։

Չագոսից երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մավրիկիոսին կղզիները փոխանցելու շուրջ բանակցությունները սկսվել են 2019 թվականին՝ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան պարտվեց կղզեխմբի պատկանելության վերաբերյալ վեճը ՄԱԿ-ի միջազգային դատարանում: Սակայն Բրիտանիայի ​​կառավարությունը արշիպելագը փոխանցելու իր ծրագրի մասին հայտարարել է միայն 2025 թ. հոկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս