Ուիթքոֆը և Քուշները Թրամփին տեղեկացրել են Ուկրաինայի և Իրանի շուրջ ժնևյան բանակցությունների մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները նրան տեղեկացրել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևում կայացած բանակցությունների մասին։ Այս մասին հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով պաշտոնյաների, որոնց անունը չի նշվում։
«Այսօր նախագահ Թրամփը հանդիպել է իր խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Նրան տեղեկություններ են հաղորդել Իրանի միջուկային շուրջ բանակցությունների, Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների և հինգշաբթի օրը (խմբ.՝ փետրվարի 19-ին) կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստի վերաբերյալ», – գրել է Ռավիդը X սոցիալական հարթակում։
Փետրվարի 18-ին Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները հաջող են եղել։
«Երեկ տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների ևս մեկ փուլ։ Կողմերը զգալի առաջընթացի են հասել։ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են առաջընթացի մասին զեկուցել իրենց ղեկավարներին և շարունակել աշխատանքը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Լևիթը հայտարարել է, որ ապագայում սպասվում է բանակցությունների նոր փուլ։Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նույնպես հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Միևնույն ժամանակ, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ժնևում բանակցությունները դժվար էին, բայց՝ գործնական։
Փետրվարի 17-ին Ժնևում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ Օմանի միջնորդությամբ։ Փետրվարի 17-18-ին Ժնևում տեղի են ունեցել նաև բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև։




