Չեխիայում արևմտամետ նախագահի աջակցության հանրահավաքներ են անցկացվել

Չեխիայում տեղի են ունեցել արևմտամետ նախագահ Պետր Պավելի աջակցության հանրահավաքներ: Նրա և աջակողմյան, եվրոսկեպիկ վարչապետ Անդրեյ Բաբիշի միջև սրվող հակամարտության ֆոնին փողոցներ են դուրս եկել ավելի քան 400 բնակավայրերի բնակիչներ:

Երկրի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Բռնոյում, ցույցին մասնակցել է 8000-ից մինչև 10 հազար մարդ:

Փետրվարի 1-ին Պրահայում տեղի է ունեցել նաև Պավելի աջակցության հանրահավաք: Կազմակերպիչները գնահատել են, որ մասնակցել է մոտ 90 հազար մարդ, գրում է DW-ն:

Պավելի և Բաբիշի միջև հակամարտությունը սկսվել է, երբ նախագահը հրաժարվել է «Վարորդներն իրենց համար» կուսակցության պատվավոր նախագահ Ֆիլիպ Տուրեկին շրջակա միջավայրի նախարար նշանակել:

Պավելը իր որոշումը բացատրել է Տուրեկի նախկին հայտարարություններով, որոնք ժողովրդավարական պետությունում անհամատեղելի է համարել նախարարական պաշտոնի հետ:

Տուրեկի նշանակումը մերժվելուց հետո, նրա կուսակից Պետր Մացինկան, Բաբիշի կառավարությունում արտգործնախարարը, Պավելի օգնականի հետ էլեկտրոնային նամակագրության մեջ սպառնացել էր «այրել կամուրջները»։ Նախագահը հրապարակել է էլեկտրոնային նամակագրության սքրինշոթները՝ նրան մեղադրելով ճնշում գործադրելու և շանտաժի փորձ կատարելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս