ՆԱՏՕ-ում հայտարարել են Ռուսաստանի խորքերին հարվածելու մասին՝ Մերձբալթյան երկրների վրա հարձակման դեպքում
ՆԱՏՕ-ն հարվածներ կհասցնի Ռուսաստանի տարածքի խորքին, եթե Մոսկվան որոշի հարձակվել Բալթյան երկրների վրա. The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան։
«Մենք պատերազմը կտեղափոխենք Ռուսաստան։ Մենք հստակ գիտենք՝ ինչ անել», – ասել է Ցախկնան։ Նրա խոսքով՝ այժմ տարածաշրջանի երկրները ՀՆԱ-ի 5%-ն ուղղում են ազգային պաշտպանությանը՝ արևելքից հնարավոր հարձակմանը պատրաստվելու համար, և արդեն իսկ ի վիճակի են հակահարված տալ Ռուսաստանին։
Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ի նախկին պաշտպանական պլանները թույլ էին տալիս մի սցենար, ըստ որի ռուսական բանակը կարող էր գրավել Բալթյան երկրները նախքան դաշինքի հետ պատերազմում պարտություն կրելը։ Սակայն Էստոնիային դա երբեք չի գոհացրել։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը մտնի Բալթյան երկրներ և [միայն] դրանից հետո հակահարված տալ», -պարզաբանել է Ցախկնան։ Նա հավելել է, որ դաշինքն արդեն ունի պաշտպանության նոր պլաններ, որոնց նպատակն է հիմնական մարտական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ զգուշացրել էր, որ Ռուսաստանի հնարավոր գործողություններին պատասխանը, որն ուղղված է Սուվալկիի միջանցքի զավթմանը, կլինի «կործանարար»։ Այս միջանցքը համարվում է դաշինքի ամենախոցելի կետերից մեկը, քանի որ այն միակ ցամաքային ուղին է, որը կապում է Լիտվան, Լատվիան և Էստոնիան ՆԱՏՕ-ի եվրոպական մյուս դաշնակիցների հետ։
թյամբ։



