Ե՞րբ մարդիկ վերջապես կհասկանան, որ սա պարզապես բիզնես է. Ալեքսանդր Լապշին
Ազգությամբ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Շահիդների պուրակ այցելությանը:
«Վենսն այսօր Բաքվում այցելել է Շահիդների պուրակ՝ հարգանքի տուրք մատուցելով Ղարաբաղյան առաջին պատերազմի հերոսներին, և հենց այդպես էլ հայտարարել է, որ իր սիրտը ադրբեջանցի հերոսների հետ է։ Միևնույն ժամանակ Հայաստանում չեն դադարում ցնծալ Վենսի՝ Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության կապակցությամբ։
Ես արդեն հոգնել եմ կարդալուց, թե իբր Վենսի աչքերը լի էին վշտով հենց Երևանում, իսկ ահա Բաքվում նրա աչքերն այդքան վշտահար չէին։ Ե՞րբ մարդիկ վերջապես կհասկանան, որ այս ամենն ընդամենն արարողակարգ է՝ պարտադիր ցանկացած քաղաքական գործչի և դիվանագետի համար։ Նրանց աչքերը լի են ոչ թե վշտով, այլ երկարատև թռիչքից հոգնածությամբ և այցը շուտափույթ ավարտելու, ուզածին հասնելու ու այս «բնիկների» մասին մոռանալու ցանկությամբ։ Սա պարզապես բիզնես է։
Հ.Գ. Վենսի՝ Երևանից Բաքու մեկնելուց առաջ նրա մամուլի ծառայությունը շտապողաբար հեռացրել է Ծիծեռնակաբերդի լուսանկարներով գրառումը Թվիթերից (X)։ Որպեսզի Ադրբեջանում չբարկացնեն Ալիևին»,- գրել է Ալեքսանդր Լապշինը։
Հիշեցնենք, որ Շահիդների պուրակը եղբայրական գերեզմանոց է Բաքվում, որտեղ թաղված են, այսպես կոչված, «շահիդները»՝ հիմնականում Բաքվում հայերի կոտորածներին մասնակցած ադրբեջանցի ջարդարարները (126 մարդ) և Արցախյան պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորները։
Պուրակում նաև անանուն գերեզման գոյություն ունի, որտեղ թաղված են անհայտ սպանվածների դիակները։ Շահիդների պուրակը Բաքվի այն վայրերից է, ուր սովորաբար այցելում են արտասահմանից ժամանած պատվիրակությունները։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը



