Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերից
Թեհրանը ցանկանում է համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ շեշտելով, որ Իրանը պետք է հրաժարվի իր միջուկային ու հրթիռային ծրագրերից: Այս մասին նա ասել է Fox Business-ին տված հարցազրույցում։
«Դա լավ գործարք կլինի՝ ոչ մի միջուկային զենք, ոչ մի հրթիռ, ոչ մի ավելորդ բան», – հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ Իրանը ցանկանում է հասնել համաձայնության։
«Ինչպես գիտեք, այժմ հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ, որ նրանք ցանկանում են գործարք կնքել։ Կարծում եմ՝ նրանք հիմարություն կանեն, եթե դա չանեն», – հավելել է ԱՄՆ առաջնորդը։
Նա հիշեցրել է, որ 2025 թ. հունիսին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի այն օբյեկտներին, որոնք կապված են միջուկային ծրագրի հետ:
«Անցյալ անգամ մենք շարքից հանել ենք նրանց միջուկային ներուժը. տեսնենք՝ այս անգամ արդյոք ավելի շատ վնաս կհասցնենք», – հավելել է ԱՄՆ նախագահը։
Փետրվարի 10-ին Թրամփը Axios-ին տված հարցազրույցում ասել է, որ հաջորդ շաբաթ սպասում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների հաջորդ փուլին, բայց նաև հնարավոր է համարում երկրորդ ավիակիր հարվածային խմբի ուղարկումը դեպի Իրան։
Թրամփը նաև լավատեսություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի տարաձայնությունների կարգավորման դիվանագիտական ուղու հարցում և կրկնել, որ իր կարծիքով՝ Թեհրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։
Մասկատում փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններ։ Իրանը հայտարարել է, որ կքննարկի միայն իր միջուկային ծրագիրը, իսկ իր հրթիռային ծրագիրը միայն պաշտպանական նպատակ է հետապնդում։



