Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար. Բաղայի
Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար, և խաղաղությունն այնտեղ խաղաղություն է Իրանի համար։ Ինչպես տեղեկանում ենք Mehr գործակալությունից, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով միջազգային վերջին զարգացումներին։
Բաղային կարևորել է Իրանի պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած այցը և անվտանգության խորհրդակցությունները։
«Այս այցը կարևոր էր և ցույց է տալիս Իրանի վճռականությունը բոլոր մակարդակներում՝ ամրապնդելու վստահությունն ու համագործակցությունը հարևան երկրների հետ։ Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար, և խաղաղությունն այնտեղ խաղաղություն է մեզ համար», – նշել է Բաղային։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի այցի ընթացքում քննարկվել է պաշտպանության և անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը։
«Մենք կարծում ենք, որ այս այցը կբարելավի և կամրապնդի երկու երկրների միջև վստահությունն անվտանգության ոլորտում», – նշել է նա։
Բաղային նաև դատապարտել է Իսրայելի քաղաքականությունը՝ ընդգծելով, որ Պաղեստինի տարածքներում և Լիբանանում շարունակվում են բռնություններն ու հարձակումները՝ չնայած հրադադարի ռեժիմին։
«Ամերիկան համարվում է հանցակից՝ Իսրայելի նկատմամբ իր մեղմ վերաբերմունքի պատճառով», – ընդգծել է նա։
Նա նաև ավելացրել է, որ Իսրայելը վաղուց անկայունության աղբյուր է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։



