Թող բողոքարկեն, թող դիմեն դատարան. Պապիկյանը՝ առանց Վեհափառի որոշում կայացնելու մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ զինված ուժերից հոգևոր ծառայության հանել-չհանելուն:
«Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը»,- նշեց նա՝ հավելելով, որ բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, որ կարգալույծ հոգևորականներին առաջարկվում են պաշտոններ, այսինքն՝ 700.000 դրամ աշխատավարձով գնալ և գնդերեց աշխատել, ինչին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն ասաց.
«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց նախարարի հրամանը, որը մենք հրապարակել ենք, բացահայտում է՝ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել ՀՀ-ում ՀԱԵ-ի հոգևոր կրթություն ստացած սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը: Աշխատավարձի մասին հիմա խոսել չեմ կարող: Դուք աշխատավարձի չափը մեծ եք ասում, բայց բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացածից»:
Սուրեն Պապիկյանը հերքեց, թե գումարի դիմաց գնդերեցներին առաջարկվել է միանալ Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցին «բարենորոգելու» օրակարգին՝ ասելով. «Սուտ է, նման բան չկա»:
«Ինչ արված է՝ հրապարակային է, իմ հրամանը ես նույնիսկ բացել եմ, որ տարընթերցումները, հեքիաթները…»,- ընդգծեց նա:
Իսկ այն դիտարկումներին, որ առանց Վեհափառի է որոշում կայացրել կամ հրաման ստորագրել բանակում հոգևոր ծառայության և գնդերեցների վերաբերյալ, ինչի իրավունքը չուներ, Սուրեն Պապիկյանն արձագանքեց.
«ՀՀ-ում բոլոր ինստիտուտներն աշխատում են, թող բողոքարկեն, թող դիմեն դատարան, եթե այդպես է: Ես չեմ կարծում, որ այդպես է, ես համաձայն չեմ իրենց հետ, իմ բոլոր գործողություններն իրավաչափ են և տեղին»:
168.am-ն ավելի վաղ «Պապիկյանի ընտրած սխալ մարտավարությունն ու ժամանակը. Հոգևոր ծառայությո՞ւնն է հանվել, թե՞ ոչ ձեռնտու հոգևորականների գործունեությունն է դադարեցվել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, ընդ որում, սխալ մարտավարություն ասվածը վերաբերում է ավելի շատ բանակում հոգևոր ծառայության բնույթը փոխելու ընտրված ժամանակին:
Նշենք, որ հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարածել էր հրաման՝ թվագրված 2026թ. հուլիսի 29-ին, որով ուժը կորցրած է համարվում 2000թ. հուլիսի ՀՀ պաշտպանության նախարարի N 728 հրամանը, որի համաձայն՝ գործողության մեջ պետք է դրվեր «ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը»։
Սուրեն Պապիկյանի հրամանում, մասնավորապես, նշվում է. «2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցնել ՀՀ ԶՈւ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանական համակարգում»:
Այնուհետ ԳՇ պետին հանձնարարվում է մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ զինված ուժերում ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակված անձանց կողմից հոգևոր ծառայության իրականացումը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
