Ինչո՞ւ Թուրքիան չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցք» տերմինից

Մինչ պաշտոնական Երևանը Վաշինգտոնի հետ Սյունիքում փորձում է ձևավորել Թրամփի անունը կրող ճանապարհը, թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է օգտագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ միջազգային լսարանի մոտ դաջելով հենց այդ անվանումը:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նահանգային խորհրդի նիստում հայտարարություններ է արել Միջին միջանցքի լոգիստիկ ժամկետների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև, այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքին»։

Նա մասնավորապես նշել է. «Չինաստանից դուրս եկած բեռի՝ մինչև Լոնդոն հասնելու տևողությունը ծովային ճանապարհով՝ Սուեզի ջրանցքով, 35 օր է, իսկ եթե շրջանցենք Բարեհուսո հրվանդանը՝ 45 օր։ Միջին միջանցքով, երկաթուղու միջոցով դա հնարավոր է իրականացնել ընդամենը 18 օրում։ Մենք ավարտել էինք Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը, հիմա, Աստծո կամոք, այս տարի կիրականացնենք Յավուզ Սուլթան Սելիմ կամրջի վրայով անցնող գծի մրցույթը (տենդերը), նաև իրականացրել ենք «Զանգեզուրի միջանցքի» մրցույթը։ Երբ այն («Զանգեզուրի միջանցքը») ավարտենք, այդտեղից ամենակարճ ճամփով կհասնենք թյուրքական աշխարհ»։

Հայաստանի իշխանությունների՝ Սյունիքով անցնելիք հաղորդուղին «տրանսպորտային ճանապարհ», «տրանզիտային երթուղի» կամ նույնիսկ TRIPP անվանումով ներկայացնելու փորձը փաստացի չկարողացան մրցակցել այն քաղաքական-դիվանագիտական լեզվի հետ, որը տարիներ շարունակ հետևողականորեն կառուցեցին Ադրբեջանն ու Թուրքիան։

Կարդացեք նաև

Ուշագրավ է նաև այն, որ ՀՀ իշխանությունների բազմաթիվ քայլերին ընդառաջ՝ նրանք ոչ մի պարագայում չհրաժարվեցին այդ տերմինաբանությունից: Ընդհանուր առմամբ միջազգային հանրության ընկալման մեջ ամրապնդվել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ իր առանցքային շեշտադրումներով։ Պաշտոնական Երևանը փորձեց պայքարել դրա դեմ ու, կարելի է ասել, որ դա անում է նաև այդ երթուղու վրա օգտագործելով Թրամփի անունը, որի շնորհիվ ադրբեջանական կողմը երբեմն կոնկրետ ՀՀ տարածքով գցվելիք ճանապարհի վերաբերյալ կիրառում է ԹՐԻՓՓ անվանումը:

Հատկանշականն այն է, որ չնայած գործընթացում ԱՄՆ նախագահի մասնակցությանը և դերին, Թուրքիան ու Ադրբեջանը չեն հրաժարվում «միջանցք» տերմինաբանությունից, որը միջազգային հարաբերություններում ունի հստակ քաղաքական ու իրավաքաղաքական ենթատեքստ, ենթադրելով հատուկ ռեժիմ, հաճախ՝ վերահսկողության սահմանափակում և անարգել անցում։ ՀՀ իշխանություններն, իհարկե, պնդում են, որ միջանցք չկա, որ փաստաթղթերը ևս նման տրամաբանություն չեն ենթադրում, սակայն Բաքու–Անկարա տանդեմի հիմնական ուղերձն արտաքին աշխարհին չի փոխվում՝ ԹՐԻՓՓ-ը նրանք դիտարկում են թյուրքական աշխարհի փոխկապակցվածության կոնտեքստում:

Մինչ Երևանը փորձում էր շեշտը դնել ինքնիշխանության, մաքսային և սահմանային վերահսկողության պահպանման վրա՝ օգտագործելով չեզոք կամ տեխնիկական տերմիններ, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են աշխատել միջազգային լսարանի ընկալման դաշտում։ Խնդիրը նաև նրանում է, որ Հայաստանը չկարողացավ իր առաջարկած լեզուն դարձնել միջազգային կոնսենսուսի մաս։ Մինչդեռ «Զանգեզուրի միջանցք» եզրույթը Բաքուն ու Անկարան տարիներ շարունակ շրջանառել են նույն բառապաշարով, նույն շեշտադրումներով և նույն պահանջով՝ անարգելության մասին։

Այսօր փաստացի կա իրավիճակ, երբ անվանումն արդեն քաղաքական դիրքորոշում է և ռեգիոնալ հավակնություն։ Եվ որքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են փոխել բառերը, չի փոխվում միջազգային ընկալման բովանդակությունը, որը չափազանց կարևոր է արդյունքի հարցում:

Բացի այդ, չնայած վերջերս Վաշինգտոնում ԹՐԻՓՓ փաստաթղթի ստորագրմանն ու դրան հաջորդած իշխանական պնդումներին, թե ՀՀ սահմանապահ ինքնիշխան գործառույթները պահպանվում են, միևնույն ժամանակ ասվում է, որ կա դյուրացված անցում, որոշ գործառույթներ իրականացնելու է, այսպես կոչված, Front office կոչվածը, հասարակության շրջանում պահպանվում է մտահոգությունը, որ անցակետում սահմանապահները չեն աշխատելու այնպես, ինչպես ՀՀ մնացած սահմաններին:

Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ ճանապարհին Թրամփի անունը տալը կարճաժամկետ ազդեցություն ունեցող հարց է, քանի որ Թրամփի պաշտոնավարումից հետո քիչ հավանական է, որ այդ ուղին որևէ մեկը կոչի Թրամփի անունով:

Ըստ նրա, ավելի կարևոր են կոնկրետ պայմանավորվածությունները, փաստաթղթերը ու դրանցում ամրագրվելիք ռեժիմները:

«Թրամփը միջազգային քաղաքականությունում ներկայումս էական դեմք է, սակայն նրանից հետո ի՞նչ է լինելու, սա է հարցը: Թուրքիան չի հրաժարվելու այդ տերմինից, քանի որ դա իր համար ռազմավարական պրոյեկտ է, և հենց այդ անվանումն է արտացոլում Թուրքիայի քաղաքականությունը ռեգիոնում: Պատահական չէ, որ օգտագործվում է այդ անվանումն ու թյուրքական աշխարհը միասին, այդ տերմինը թյուրքական աշխարհի պատկերացումների անբաժանելի մասն է: Թրամփը կարող է գալ ու գնալ, իսկ Թուրքիայի ռազմավարությունը չի փոխվում»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Տեսանյութեր

Լրահոս