Երբ այն ավարտենք, այդտեղից ամենակարճ ճամփով կհասնենք թյուրքական աշխարհ. Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նահանգային խորհրդի նիստում հայտարարություններ է արել Միջին միջանցքի լոգիստիկ ժամկետների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև այսպես կոչված` Զանգեզուրի միջանցքին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա մասնավորապես նշել է.
«Չինաստանից դուրս եկած բեռի՝ մինչև Լոնդոն հասնելու տևողությունը ծովային ճանապարհով՝ Սուեզի ջրանցքով 35 օր է, իսկ եթե շրջանցենք Բարեհուսո հրվանդանը՝ 45 օր։
Միջին միջանցքով, երկաթուղու միջոցով դա հնարավոր է իրականացնել ընդամենը 18 օրում։ Մենք ավարտել էինք Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը, հիմա, Աստծո կամոք, այս տարի կիրականացնենք Յավուզ Սուլթան Սելիմ կամրջի վրայով անցնող գծի մրցույթը (տենդերը), նաև իրականացրել ենք Զանգեզուրի միջանցքի մրցույթը։
Երբ այն (Զանգեզուրի միջանցքը) ավարտենք, այդտեղից ամենակարճ ճամփով կհասնենք թյուրքական աշխարհ»։
