Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը՝ Իրանին ամերիկյան հարվածների սպասման մեջ

«ԱՄՆ Ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ USS Abraham Lincoln միջուկային ավիակրի գլխավորությամբ, ժամանել է Մերձավոր Արևելք և գտնվում է Իրանի մոտակայքում»,- հաղորդում է իսրայելական Channel 13-ը։

Հրապարակման համաձայն, խումբը տարածաշրջան է ուղարկվել Իրանի դեմ հնարավոր ռազմական արշավի նախապատրաստման նպատակով։ Առաջիկա օրերին նախատեսվում է նաև THAAD շարժական ցամաքային հակահրթիռային համակարգի մարտկոցի ներգրավումը, որը, ըստ հրապարակման, կուժեղացնի հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիան «Թայֆուն» կործանիչներ էր ուղարկել Կատար։

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքն էր հայտարարել, որ ամերիկյան հրթիռների «մեծ նավատորմ» է շարժվում դեպի Իրան: «Ես կնախընտրեի, որ ոչինչ չպատահի։ Բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց: Եվ գուցե ստիպված չլինենք օգտագործել այն։ Կտեսնենք»,- ասել էր Թրամփը։

Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև լարվածությունը պահպանվում է: Նաև հաղորդվում է, որ միջազգային մի շարք ավիաընկերություններ չեղարկում են Մերձավոր Արևելքի տարածքում, այդ թվում՝ Իսրայելում, չվերթերը:

Կարդացեք նաև

Թեհրանից հորդորել են Վաշինգտոնին՝ սխալ հաշվարկների հիման վրա քայլեր չձեռնարկել, քանի որ դրանք համարժեք արձագանք կստանան: Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է՝ Իրանը կոշտ կարձագանքի ցանկացած արտաքին ագրեսիայի:

Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է վճռական և համապարփակ պատասխան տալ ցանկացած արտաքին ագրեսիայի։ Բաղային հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահ է իր կարողությունների մեջ և, հաշվի առնելով իր նախորդ փորձը, մասնավորապես՝ 2025 թվականի հունիսի հերոսական մարտերը, համապարփակ և ջախջախիչ պատասխան կտա ցանկացած ագրեսիայի»։

Նա նաև ասել է՝ Իրանի բանակի զինծառայողներն ուշադիր հետևում են ԱՄՆ Զինված ուժերի բոլոր տեղաշարժերին Մերձավոր Արևելքում և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում երկրի պաշտպանունակության ամրացման համար։

«Տարածաշրջան որևէ նավ ուղարկելը ոչ մի կերպ չի ազդի Իրանի՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու վճռականության վրա։ Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈւ-ն ուշադիր հետևում է բոլոր տեղաշարժերին և միաժամանակ ոչ մի վայրկյան չի կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության և երկրի արժանապատվության պաշտպանության համար»,- ընդգծել է Բաղային:

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խմբի տարածաշրջան ժամանման ֆոնին, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Իրանն ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կդիտարկի՝ որպես «լայնամասշտաբ պատերազմ»։

Միևնույն ժամանակ, երկրի զինված ուժերը «պատրաստ են ամենավատ սցենարին», ուստի Իրանում բոլորը բարձր պատրաստվածության մեջ են։

Ավելին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է պատերազմի, եթե Վաշինգտոնը ցանկանա «փորձարկել այն»։ Նա հավելել է, որ Իրանն այժմ լուրջ ռազմական նախապատրաստությունների մեջ է՝ համեմատած անցյալ տարվա 12-օրյա պատերազմին։

Ուշագրավ է, որ Մերձավոր Արևելքում Իրանի շուրջ ռազմական տեղաշարժերին զուգահեռ՝ Ադրբեջանում է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Վահիդ Ջալալաձեն, ով այս օրերին մի շարք հանդիպումներ է ունենում Բաքվում: Այսօր Ջալալաձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ և քննարկել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու ընդհանուր մտադրությունը։ Զուգահեռաբար այցով Բաքվում է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին, ով բանակցություններ է ունեցել՝ ինչպես իր ադրբեջանցի պաշտոնակցի, այնպես էլ՝ Իլհամ Ալիևի հետ:

Նախօրեին էլ Իսրայել է այցելել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը և հանդիպել Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) շտաբի պետ Էյալ Զամիրի հետ։

«Քուփերն այցելել է Իսրայել՝ որպես շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի պաշտոնական հյուր։ CENTCOM-ի հրամանատարը և շտաբի պետը նախ ունեցել են երկարատև անձնական հանդիպում, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում»,- ասվում է հայտարարության մեջ։ IDF-ի մամուլի խոսնակի գրասենյակը հանդիպումն անվանել է «IDF-ի և ԱՄՆ զինված ուժերի միջև սերտ ռազմավարական կապերի ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության զարգացման լրացուցիչ քայլ»։

Իսրայելական զինվորականները չեն մանրամասնել բանակցությունների թեմաները։ Սակայն The Times of Israel-ը նշում է, որ Քուփերի այցն Իսրայել տեղի է ունենում Իրանի շուրջ լարվածության աճի և իսրայելցի ու ամերիկացի պաշտոնյաների միջև Գազայի հրադադարի հետագա քայլերի շուրջ անհամաձայնությունների մասին հաղորդագրությունների ֆոնին։

Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատելով ռազմաքաղաքական ու դիվանագիտական զարգացումներից, կարելի է ասել, որ մերձավորարևելյան ռեգիոնն ու դրական կամ բացասական տեսանկյունից Իրանով հետաքրքրված երկրները դիրքավորվում են, պատրաստվում են Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածին:

Ըստ նրա, դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ը կիրականացնի ռազմական նման տեղաշարժեր, սակայն հարված չի հասցնի:

«Միևնույն ժամանակ ակնհայտ է նաև, որ Իրանը 12-օրյա պատերազմից հետո անընդհատ պատրաստվել է, այսօր ևս պատրաստվում է և իսկապես պատրաստ է ամենավատ սցենարներին: Սակայն, թե որքանով է հաջողվել այս կարճ ժամանակահատվածում պատրաստվել լիովին, բարդ է ասել: Իրավիճակին հավելյալ բարդություն է հաղորդում այն, որ Չինաստանն աջակցում է Իրանին և այս օրերին էական հայտարարություններ է անում, Իրանին սատարող ուժերը ևս պատրաստվում են, և դժվար է ասել, թե ինչ հակահարված կարող է լինել»,- նշեց Խրամչիխինը:

Նրա խոսքով՝ եթե հարվածն այս փուլում տեղի ունենա, ապա պատկերն ամենայն հավանականությամբ տարբերվելու է Իսրայելի 12-օրյա հարվածներից և դրա արդյունքներից:

Ըստ նրա՝ իրանցի ու իսրայելցի բարձրաստիճան դիվանագետների այցը Բաքու այս փուլում ցույց է տալիս, որ Իրանի շուրջ ծավալվող իրավիճակի հարցում Ադրբեջանը դերակատար է:

Վերլուծաբանի կարծիքով, ԱՄՆ-ը, Իսրայելը ցանկանում են հենվել Ադրբեջանի վրա, իսկ Իրանը դիվանագիտությամբ Ադրբեջանին փորձում է պահել չեզոքության դաշտում:

«Եթե Իրանի շուրջ իրավիճակը սրվի, ապա դա իսկապես մարտահրավեր է հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի համար, որոնց հետ Թրամփը սկսել է խորացնել հարաբերությունները և ամեն հարցում փորձում է օգուտներ կորզել ԱՄՆ-ի համար»,- ասաց Խրամչիխինը:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth ցանցում իր արած գրառմամբ հաղորդել էր, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին կվաճառի ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները և ավելին:

Տեսանյութեր

Լրահոս