Թրամփի ուղերձը հստակ է՝ հակամարտությունները պետք է կարգավորվեն ուժի և պայմանավորվածությունների միջոցով․ վերլուծաբան
Միջազգային հարաբերություններում իր ոչ ավանդական հայտարարություններով ու էքսցենտրիկ քայլերով հայտնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխարհին նոր առաջարկ ունի՝ «Խաղաղության խորհուրդ» (Peace Council)։ Այսօր շվեյցարական Դավոսում ընթացող ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ շուքով հիմնադրեց «Խաղաղության խորհուրդը»՝ հռչակելով այն՝ որպես միջազգային կազմակերպություն։ Թրամփն ու խորհրդին միացած գործիչները ստորագրեցին «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։
Դավոսում էին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և այլք։
Խորհրդում մշտական տեղ ստանալու համար երկրներից պահանջվում է 1 միլիարդ դոլարի ներդրում։ Իսկ այն երկրները, որոնք չեն վճարում սահմանված 1 միլիարդ դոլար անդամավճարը, ըստ հայեցակարգի, հայտնվում են սահմանափակ կարգավիճակում։ Նրանք չեն հեռացվում գործընթացից ամբողջությամբ, բայց զրկվում են որոշումների կայացման լծակներից։ Կարող են ունենալ նաև «դիտորդի» կարգավիճակ (Observer Status). Նման երկրները կարող են ներկա գտնվել նիստերին կամ տեղեկացված լինել ընթացող բանակցություններից, բայց նրանք չեն ունենալու քվեարկության իրավունք և չեն կարող ազդել որևէ հարցի, գործընթացի վրա:
Մի շարք երկրների ղեկավարներ, ըստ ամենայնի, առանց երկմտելու ընդունել էին Թրամփի հրավերը՝ միանալ խորհրդին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ում այսօր «Խաղաղության խորհրդի» հանդիսավոր միջոցառման բեմում բաժանում էր միայն մեկ աթոռ՝ Թրամփի աթոռը։
Թրամփն իր ելույթում գլուխ գովեց, որ իր վարչակազմն ութ պատերազմ է կարգավորել։ «Կարծում եմ՝ շուտով ևս մեկը կկարգավորենք։ Գիտե՞ք՝ դա որն է։ Այն մեկը, որը ես կարծում էի, թե հեշտ է լինելու։ Պարզվեց, որ դա, ըստ ամենայնի, ամենադժվարն է»,- ասաց Թրամփը՝ ակնհայտորեն նկատի ունենալով պատերազմն Ուկրաինայում։
Կարգավորված 8 հակամարտությունների թվում նա նշեց նաև Հայաստանն ու Ադրբեջանը, նշելով, որ շատ առաջնորդներ դարձել են իր ընկերները, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։
Ակնհայտորեն աշխարհաքաղաքական համակարգը մտել է մի փուլ, որտեղ դասական դիվանագիտությունն այլևս չի հասցնում արձագանքել կուտակվող ճգնաժամերին՝ փակուղային պատերազմ Ուկրաինայում, պայթյունավտանգ Մերձավոր Արևելք, Չինաստան-ԱՄՆ մրցակցություն, հեղինակազրկված և անգործունակ միջազգային կազմակերպություններ… Այս ֆոնին Դոնալդ Թրամփն, ով տարեսկզբին Վենեսուելայից «առևանգեց» նախագահ Մադուրոյին, իսկ այժմ հավակնում է ստանալ Գրենլանդիան, հանդես է գալիս «Խաղաղության խորհրդի» ձևավորման նախաձեռնությամբ՝ առաջարկելով նոր մեխանիզմ աշխարհի խնդիրների կարգավորման համար, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի։
Թրամփի նախաձեռնությունը նպատակ ունի շրջանցել ընդունված միջազգային բազմակողմ հարթակները, կենտրոնացնել որոշումների կայացումն ԱՄՆ ղեկավարության շրջանակում և խաղաղության հաստատումն արժեքից գործարքի վերածել։
Ամերիկյան պլանի համաձայն, «Խաղաղության խորհուրդը» կոչված է դառնալ այն գործիքը, որի միջոցով հակամարտությունները կարող են «կարգավորվել» արագ, կոշտ և քաղաքական շահերի հաշվարկով՝ առանց երկարատև բանակցությունների ու արժեքային պարտավորությունների։ Ըստ մի շարք հեղինակավոր միջազգայնագետների՝ Թրամփի համար խաղաղությունը դասական լիբերալ-միջազգային արժեք չէ, այլ առավելապես գործարքի արդյունք, որտեղ ուժեղ կողմը պարտադրում է իր պայմանները, իսկ հակամարտությունը «սառեցվում» է ոչ թե արժեքների, այլ շահերի հաշվարկով։ Միջազգայնագետները, սակայն, մեծ կասկածով են վերաբերվում Թրամփի այս նախաձեռնությանը։
Մեզ հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ամերիկյան վարչակազմը ցանկանում է այս հարթակը վերածել միջազգային ծանրակշիռ կազմակերպության, ինչպիսին ՄԱԿ-ն է կամ ԵԱՀԿ-ն, սակայն, ըստ վերլուծաբանի, այն կմնա՝ որպես նախաձեռնություն, որը միավորում է երկրները, որոնք սերտ համագործակցում են ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ և որոշ պայմանավորվածություններ ձեռք բերում։
«Հայաստանը միացավ այս նախաձեռնությանը, չէ՞ որ ԱՄՆ-ն է հռչակվել՝ որպես Հայաստան-Ադրբեջան խաղաղություն հաստատող երկիր, և ՀՀ տարածքում Թրամփի անունով ճանապարհ է բացվելու։ Սակայն, թե ի՞նչ է սա տալու Երևանին, անհասկանալի է։ Մի կողմից՝ սա Արևմուտքում դիվանագիտական հավելյալ որոշ հնարավորություններ կտա, մյուս կողմից՝ նման հարթակներում կա լուրջ ռիսկ, որ փոքր պետությունների շահերը կներկայացվեն ոչ թե ինքնուրույն, այլ՝ որպես ավելի մեծ գործարքների մաս, իսկ անվտանգության հարցերը կարող են երկրորդական դառնալ տնտեսական կամ աշխարհաքաղաքական հարցերի համեմատ։ Թրամփը գնում է «արագ խաղաղություն» հաստատելու և անմիջապես այդ մասին հայտարարելու մոդելով, ինչն իրենից երկարատև լուծում չի ենթադրում, եթե չի հիմնվում հավասարակշռության և իրական անվտանգության երաշխիքների վրա»,- ասաց վերլուծաբանը։
Նրա որակմամբ, Թրամփի խաղաղության խորհրդի գաղափարը պատրաստի ինստիտուտ չէ, սակայն ուղերձը հստակ է՝ հակամարտությունները պետք է կարգավորվեն ոչ թե միջազգային կանոններով, այլ ուժի և պայմանավորվածությունների միջոցով։
Վերլուծաբանը գտնում է, որ Ռուսաստանի համար էականն այն է, թե որքանով է ԱՄՆ-ը Հարավային Կովկասում պայքարում ՌԴ-ի դեմ։
«Կարծում եմ՝ այստեղ ՌԴ-ի համար կարևորը Թրամփի այն հայտարարությունն է, որ Կովկասը ՌԴ ազդեցության գոտին է։ Սա էական հայտարարություն է։ Բնականաբար, ներկայումս աշխարհում դինամիկ փոփոխություններ են տեղի ունենում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, որտեղ ԱՄՆ-ը ամրապնդվում է, սակայն դեռ հարց է, թե ինչպիսի ներկայություն է ունենալու Ռուսաստանը։ Կարծում եմ՝ ունենալու է»,- ասաց նա։
