Մոսկվայի դատարանը ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին թույլատրել է հանդիպումներ կնոջ հետ և զանգեր մոր հետ
Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Թիմուր Իվանովին թույլատրել է հանդիպումներ ունենալ մոր և կնոջ հետ, ինչպես նաև զանգեր կատարել նրանց։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու երեք դրվագով՝ ընդհանուր առմամբ ավելի քան 1,3 մլրդ ռուբլու չափով, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև զենքի ապօրինի պահման և պատրաստման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբան Դենիս Բալուևը։
«Դատարանը Իվանովին թույլատրել է հանդիպումներ և զանգեր մոր և կնոջ հետ»,- ասել է փաստաբանը։
Ապրիլի 24-ին Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը սկսել է Թիմուր Իվանովի երկրորդ քրեական գործի քննությունը։ Արդեն դատապարտված ՊՆ նախկին պաշտոնյայի հետ ամբաստանյալի աթոռին է նաև գործարար Ալեքսանդր Ֆոմինը, որը նախաքննության փուլում ընդունել էր իր մեղքը՝ ծառայողական հովանավորության համար կաշառք տալու մեջ։ Երրորդ ֆիգուրանտի՝ քննության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր կնքած Սերգեյ Բորոդինի գործն առանձնացվել է առանձին վարույթում և կուղարկվի մայրաքաղաքի դատարան քննության համար այն բանից հետո, երբ նա և իր պաշտպանները ծանոթանան նյութերին։
Երկրորդ քրեական գործի նյութերին ծանոթանալու մասին փաստաթուղթը, որն ընդգրկում է ավելի քան 300 հատոր, Թիմուր Իվանովը և նրա պաշտպանները ստորագրել էին գրեթե մեկ ամիս առաջ։ Վերջնական խմբագրությամբ Իվանովին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու երեք դրվագ կատարելու համար (ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մաս), առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար (ՌԴ ՔՕ 174.1-րդ հոդված), ինչպես նաև զենքի ապօրինի պահման և պատրաստման համար (ՌԴ ՔՕ 222-րդ և 223-րդ հոդվածներ)։



