Ինչի՞ համար են աշխարհով մեկ սփռված 700 ամերիկյան ռազմաբազաները. Հովհաննես Ավետիսյան
Աշխարհի հզորները պայքարում են ռեսուրսների համար։ Ե՛վ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի համար այս համատեքստում ազգայնականության խնդիր չկա։ Երկուսն էլ բազմազգ պետություններ են։ Եթե ԱՄՆ-ի մոտ հեշտ չի ստացվում ռեսուրսների ձեռքբերումը, նա անում է հեղափոխություն, ինչպես արեց, օրինակ՝ Պանամայի դեպքում։ Մարդիկ գիտե՞ն՝ Պինոչետ դիկտատորը որտեղից է առաջացել։ Դարձյալ նույն ԱՄՆ-ը արեց հեղափոխություն, բերեց նրան։ Եթե բռնապետն ԱՄՆ շահեր է սպասարկում, ուրեմն նա բռնապետ չէ։ Նույնն արեցին Կոնգոյում, երբ իշխանափոխություն կազմակերպեցին ԱՄՆ և բելգիական հատուկ ծառայությունները։ «Պրեսսինգ» հաղորդաշարում այս մասին ասաց տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:
Նա հիշեցրեց նաև Իրան-ԱՄՆ հարաբերությունների պատմությունը:
«Իրանը նախկինում ԱՄՆ-ի հետ շատ լավ հարաբերություններ ուներ, բայց հենց եկավ Մոհամմեդ անունով մարդը, ով սկսեց ռեսուրսները պետականացնել, ԱՄՆ-ը հեղափոխություն արեց, բերեց շահին։ Հիմա էլ շահի տղան ԱՄՆ-ում ծառայում է ամերիկյան շահերին»,- ասաց պետական կառավարման մասնագետը:

Տնտեսագետը շեշտեց՝ ամերիկյան իշխանությունները ծառայում են իրենց ֆինանսական, ռազմարդյունաբերական կորպորացիաներին, իսկ դրա համար իրենք պետք է աշխարհի տարբեր պետությունների հաշվին ռեսուրսներ ձեռք բերեն։
«Դրա համար են աշխարհով մեկ սփռված 700 ամերիկյան բազաները։ Չինաստանն ամերիկյան նոր դոկտրինում հռչակված է՝ որպես թիվ մեկ թշնամի։ Հիմա ամեն ինչ պետք է անեն Չինաստանին թուլացնելու համար։ ԱՄՆ-ը ուր էլ գնա, նա կորպորատիվ շահեր սպասարկող իմպերիալիստական պետություն է։ Նա, բնականաբար, իր շահերն է սպասարկում»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
